Թեթևությունն ամեն ինչում տալիս է իր դեկորացիոն էֆեկտը: Երբեմն` անիմաստ, երբեմն` անճաշակ: Սակայն երբ այդ երևույթը համատարած է, ապա ձևը պահպանելու պահանջն իր զանգվածում, իր ծավալով դառնում է միջավայր, որը տալիս է ապրելու ճաշակ և ուժ:
Բոլորն էլ գիտեն, որ վարվելաձևն ընդամենը ձև է և լուրջ չէ: Սակայն, եթե մարդը նման աննշան, չնչին բանից հրաժարվում է, չի ուզում այդ չնչինն էլ այլոց տալ իր վարվելաձևում, ապա դա միանշանակ դժկամություն է, չուզողություն: Իսկ դա արդեն լուրջ է:
Եկանք մի եզրակացության. Ռուսաստանի հետ բարեկամություն անելն անհնար է, թշնամություն անելը՝ վտանգավոր:
Մեր հումորը ուժեղ է և ծանր, հիմնավոր, հաճախ դառը գործ, իրենցը՝ թեթև և կյանքի ու խոսքի մի մաս, զրույցի ձև և աշխարհընկալման ակնոց: Ոչ մի ծանր բան, բացի կյանքի նկատմամբ լավատեսությունից և մանկական անմիջականությունից: Մեզ այդ գիծն անլուրջ է թվում, իսկ մենք իրենց համար դատարկ տեղը լրջություն մտցնող ենք: Եվ երկուսս էլ մտածում ենք, որ այդ գծերը ծիծաղելի են. իրենց համար մեր ծանրությունը, մեր համար իրենց թեթևությունը:
Այդ թեթևությունից է գալիս նաև ուշունցի նկատմամբ վերաբերմունքը: Իհարկե, միջին ծանրության հայհոյանքը միշտ է եղել վրացական խոսքում, սակայն վերջին քսանամյակում այդ երևույթը արմատավորվել է և դարձել ռուսների նման խոսքի բնական մաս: Իհարկե, ամենածանր հայհոյանքը դեռ կռվի բուն է, բայց ընդունելի շեմը շատ բարձր է մերի համեմատ:
Լեզվակռիվը մարդկանց միջև դիստանցիայի հաղթահարման արագ միջոցն է և կոմունիկացիայի հաստատման ու կարգավիճակի ճշտման գործիք: Մեր խոսքը տարածություն պահելու համար է:
Չնայած, ես կարծում եմ, որ Վրաստանում օրենքով գողերի վերացումն իջեցրեց թույլատրելիի շեմը, քանի որ այլևս չկա վերևից ճնշող զսպանակ և կանոնակարգ: Կանոնակարգը, մոմենդը չկա՝ էթիկետը «իջավ»:
Ռուսերենում ու վրացերենում խոսքը նրա համար է, որ լսողը լավ և պատկերավոր հասկանա ասողի հոգեվիճակը, զգացմունքները և պատկերացումները: Եվ այդ քֆուրախառն հոգեվիճակի ընկալումից հասկանա ասողի տեքստը: Այդ խոսքը հայելի է, որի մեջ լսողը տեսնում է ասողին, ինչպիսին որ այն կա և ասողի ասելիքը:
Հայերենում լսողը հստակ լսում է, թե ինչպիսին է ինքը, ոչ թե ասողը: Հասկանում է բուն միտքը միանգամից առանց ասողի կերպարը հասկանալու ու խորանալու, միայն լեզվի օգնությամբ: Հայերենը հին գրական լեզու է հիմնավորապես: Վրացերենը և ռուսերենը հիմնականում, այնուամենայնիվ, կենդանի խոսքի, փողոցի ու հայաթի լեզուներ են: Ուստի, այդ ազգերի մոտ հայհոյում են բոլորը՝ կանայք, երեխաները և ծերերը, բայց հայհոյելով չեն անպատվում: Ընենց, թեթև: Ասում են ու մոռանում:
Իսկ յուրաքանչյուր վրացուն, որ քերես՝ կգտնես այդ հայաթի ու փողոցի մարդուն, որը թեթևակի և շատ արտիստիկ քողարկված է, բայց միշտ կա: Եվ այդ մարդը հաղթում է կրկին:
Հնարավոր չի ազգը 10-15 տարում կոտրել և դարձնել դասագրքային եվրոպացի:
Որտեղի՞ց ճարել այդ մոլեռանդ ու հավատարիմ բոլշևիկներին, և որոնք հանուն ինչի՞ պիտի կոտռեն ազգին, ջարդեն այն, և դարձնեն խորը կովկասյան-միջին արևելյան, իր համով ու հոտով երկիրը Եվրոպայի ամորձատված սիմուլյակը: Եվ ի՞նչ գնով է այդ ջախջախումը կատարվելու: Եվ մի՞թե կա մի այդպիսի դրայվ, մոլուցք, որ կարա տասնամյակներ շարունակ պահի սեփական ժողովրդին մի այլ ապրելաձևում, հայաթի գինու սեղանից և բաց դռների միջավայրից հեռու:
Ես գիտեմ Երևանում մի 5-6 հոգու, որ կարող են ստիպել, որ հարևաններն իրար նկատմամբ տան դռները փակ պահեն: Բայց այդ 5-6 տեղը հոգեբուժարանն է, քանի որ մարդկանց նկատմամբ ատելությամբ ապրողն այլ տեղ չի կարող ունենալ:
Իսկ հետո Միշիկոն գնալու է, և պարզվելու է, որ ժառանգությունը սխալ է կտակված: Հակասական ու ոչ միանշանակ բաները ժառանգ չեն ունենում: Լինում է արդեն նորը, առանց նախորդի սխալների: Ինչևէ: Մեզի դաս:
Հայաստանը լավն է: Եվ շատ գեղեցիկ: «Հորքուրի մոտ», «Սեյրանի մոտ», հայկական խանութ «Медведь», ռեստորան «Дружба» ու գրառումներ բետոնե պատին՝ «Армения-Якутия»: Յակուտիա ապրող էշին թվում է, թե այնտեղ ապրելը շատ լուրջ բան է, ու ազգիս տանձին է, թե ինքը որտեղ է ուծանում:
Մտանք Հայաստան, ու համակարգիչը սկսեց էրոտիկ ռիթմով մլավել՝ զգուշացնելով կամերաների մասին, մերթ ուժեղանալով, մեկ հանդարտվելով: Կամերաների երկիր: Կամ երկիր-կամերա: Քեզ կարոտել էի: