Image result for կարեն խաչանովԴեռ թենիսի երկրպագուների հիշողության մեջ թարմ են հուլիսին կանանց՝ Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ 21-ամյա Մարգարիտա Գասպարյանի միջազգային բարձակարգ մրցաշարում՝ Բաքվի գավաթի խաղարկությունում ունեցած կրկնակի հաջողությունը՝ կանանց թե՛ մենախաղում և թե՛ զուգախաղում նվաճած գլխավոր մրցանակները, որոնք նրան ոչ միայն դրամական խոշոր պարգևավճարներ ու վարկանիշային գերբարձր միավորներ պարգևեցին, այլև համաշխահային հռչակ բերեցին ու դասակարգման համաշախարհային ցուցակում թռիչքաձև առաջընթաց ապահովեցին: Մարգարիտան այդ ցուցակում մենախաղում բարձրացավ 71, իսկ զուգախաղում՝ 84-րդ հորիզոնական: 
Հիմա՝ այս օրերին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում իր հայրենակցուհու նման փայլուն խաղ է ցուցադրում 19-ամյա Կարեն Խաչանովը, ով տղամարդկանց Ռուսաստանի ազգային հավաքականի անդամ է: Հայ թենիսիստը գերազանց է մեկնարկել 75 հազար դոլար մրցանակային հիմադրամով ընթացող ATP Challenger մրցաշարքի հերթական մրցաշարի տղամարդկանց մենախաղի մրցումներում: Երիտասարդ հայ թենիսիստն, ով համաշխարհային դասակարգման մենախաղի ցուցակում հիմա 183-րդ վարկանիշն ունի, ստուգատեսի 1-ին շրջանում՝ 1/16-րդ փուլի 2 ժամ 36 րոպե տևած մրցավեճում կարողացավ կոտրել մրցակցի՝ այդ նույն ցուցակում 115-րդ հորիզոնականը զբաղեցնող 28-ամյա ղազախստանցի Ալեքսանդր Նեդովեսովի համառ դիմադրությունն ու, կամային դժվարին հաղթանակ կորզելով 6:7 (7), 7:6 (7), 6:3 հաշվով, իրավունք ստացավ հանդես գալ 1/8-րդ փուլում:
Քիչ առաջ Խաչանովի համոզիչ հաղթանակով ավարտվեց իր այս փուլի հանդիպումը համաշխահային դասակարգման ցուցակում 398-րդ տեղում ընթացող 20-ամյա գերմանացի Դանիել Մազուրի հետ: Հայազգի երիտասարդ թենիսիստից այս անգամ 1 ժամ 2 րոպե պահանջվեց՝ 6:1, 6:3 հաշվով գերմանացի թենիսիստին պարտության մատնելու համար: 
Այժմ նա մտավ քառորդ եզրափակիչ ու ապահովեց առնվազն 2190 դոլար պարգևավճար ու վարկանիշային 17 միավորը: Քառորդ եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի ռուսաստանցիներ Ասլան Կարացաև (22 տարեկան, 192-րդ վարկանիշն ունի) և Ալեքսանդր Կուդրավցև (28 տարեկան, 198-րդ վարկանիշն ունի) մրցավեճի հաղթողը: 
Հավելենք, որ այս մրցաշարի հաղթողին բաժին կհասնի 10800 դոլար պարգևավճար ու վարկանիշային 90 միավոր, իսկ եզրափակչի մասնակիցը կբավարավի 6360 դոլար պարգևավճարով և վարկանիշային 55 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել