Սեպտեմբերի 16-24-ը լեհական Վրոցլավ քաղաքում ընթանալու է կանանց շախմատի միջազգային ավանդական գրոսմայստերական մրցաշար:
12 հազար լեհական զլոտի (1 զլոտին հավասար է 127,68 դրամի) մրցանակային հիմնադրամով, մշտապես 10 շախմատիստուհիների մասնակցությամբ շրջանաձև մրցակարգով անցկացվող այս մրցաշարը լեհ անվանի գրոսմայստեր (1984թ-ից), երկրի 9-ակի չեմպիոնուհի, 2006թ.-ին 75 տարեկանում վախճանված Քրիստինա Հոլուժ-Ռադիկովսկայի հոբելյանական` 5-րդ հուշամրցաշարն է:
Այն առաջին անգամ կազմակերպվել է 2011թ -ին: Վերջին 3 տարիներին այս ստուգատեսին մասնակցելու է հրավիրվում նաև կանանց Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը, Եվրոպայի ներկայիս ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը համարվող, ՖԻԴԵ-ի համաշխարահային դասակարգման ցուցակում սեպտեմբերի 1-ի դրությամբ 40-րդ հորիզոնականը զբաղեցող, տղամարդկանց միջազգային վարպետ կոչում ունեցող Լիլիթ Մկրտչյանը (2440): Նկատենք, որ ճանաչված հայ շախմատիստուհին հուշամրցաշարի 3-րդ խաղարկությունում` 2013թ.-ին, 10 մասնակիցների պայքարում 9 հնարավորից վաստակած 4,5 միավորով 5-6-րդ տեղերն է կիսել Թուրքիայի պատվիրակ, գրոսմայստեր Եկատերինա Աթալիկի հետ: Անցած տարի՝ 2014թ-ին, 4-րդ խաղարկությունում Լիլիթը վաստակած 5 միավորով երկու քայլ առաջադիմել է և 3-4-րդ տեղերն է կիսել բելառուսուհի Նաստյա Զազյուլկինայի հետ:
Այս անգամ հուշամրցաշարում 5 երկրի 10 մասնակիցների շարքում Մկրտչյանի մրցակցուհիների թվում կլինեն Ռումինիան ներկայացնող Ադելա Ֆոյշորն ու Իրինա Բուլմագան, ռուսաստանցիներ Օլգա Գիրյան և Ալիսա Կաշլինսկայան, ուկրաինուհի Իննա Գապոնենկոն և 4 լեհուհիներ՝ Մոնիկա Սոչկոն, Զավադսկա Յոլանտան, Յոաննա Մայդան-Գաժևսկան ու Կարինա Շեպկովսկա-Հորովսկան:
Նկատենք, որ այս անգամ բավական ուժեղ է հավաքվել. 10 մասնակիցներից 10-ն էլ կրում են կանանց գրոսմայստերի կոչում, բացի այդ, նրանցից 4-ն ունեն նաև տղամարդկանց միջազգային վարպետի, իսկ լեհուհի Մոնիկա Սոչկոն՝ նաև տղամարդկանց գրոսմայստերի կոչում: Հուշամրցաշարի էլո ֆավորտը ռուաստանցի Օլգա Գրիյանն (2483) է, ում հետևում է Մոնիկա Սոչկոն (2456):
Լիլիթ Մկրտչյանը 10 մասնակիցների մեջ ունի 3-րդ անհատական վարկանիշը (2440) և հաղթողի գլխավոր հավակնորդների մեկն է համարվում: Նա մրցավայր է մեկնել սեպտեմբերի 15-ին: Երեկ երեկոյան տեղի ունեցավ վիճակահանությունը:
Այսօր արդեն գործի կդրվեն հուշամրցաշարի շախմատի ժամացույցներն, ու Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին կսկսվեն 1-ին տուրի հանդիպումները:
Մկրտչյանը սևերով մրցելու է Յոաննա Մայդան-Գաժևսկայի հետ: Այս տուրում հանդիպելու են նաև հետևյալ զույգերը՝ Ֆոյշոր–Կաշլինսկայա, Բուլմագա-Շեպկովսկա-Հորովսկա, Գիրյա- Սոչկո, Զավադսկա-Գապոնենկո:
Շրջանաձև մրցակարգով ընթացող հուշամրցաշարում հանգստյան օր նախատեսված չէ: Հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 24-ին՝ 9-րդ տուրի ավարտից հետո: Նկատենք, որ եզրափակիչ տուրը կսկսվի ժամը 10-ին, իսկ հուշամրցաշարի փակման արարողությունը կկայանա Լեհաստանի ժամանակով ժամը 16-ին:
Հուշամրցաշարի 1-5-րդ տուրերի հանդիպումները կկայանան Վրոցլավի շախմատի ակումբում, իսկ 6-9-րդ տուրերը՝ քաղաքի կենտրոնում գտնվող B &B հյուրանոցում: Հուշամրցաշարում մրցանակային են 1-5-րդ տեղերը: Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 4 հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 3 հազար, 3-րդին՝ 2 հազար, 4-րդին՝ 1500, իսկ 5-րդին էլ՝ 1000 զլոտի պարգևավճար: Բացի այդ, նախատեսված է նաև լավագույն պարտիայի համար սահմանված հատուկ մրցանակ՝ 500 զլոտի պարգևավճար:



