Խանտի Մանսիյսկում մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը հատեց վերջնագիծը: Ստուգատեսին մասնակցում էր 33 երկրի 62 շախմատիստ և 27 երկրի 48 շախմատիստուհի՝ ընդհանուր առմամբ 39 երկրի 110 մարզիկ: Կարևորագույն այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին 2015թ. տղամարդկանց և կանանց շախմատի ՀՀ չեմպիոններ 20-ամյա գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու 19-ամյա Սուսաննա Գաբոյանը: Սա նրանց համար նոյեմբերին Իսլանդիայում տեղի ունենալիք քննությունից՝ Եվրոպայի թիմային առաջնությունից առաջ յուրատեսակ ստուգարք եղավ ու ուժերի փորձարկման ինքնատիպ հնարավորություն:
Գաբոյանը բավական վստահ հանդես եկավ և 13 հնարավորից վաստակած 7,5 միավորով 48 մասնակիցների պայքարում եզրափակեց ուժեղագույնների տասնյակը: Նրա հաջող ելույթի վկայությունն է նաև այն, որ երիտասարդ շախմատիստուհին դեռ 9-րդ տուրում լրացեց միջազգային վարպետի նորման, ի դեպ, իր կարիերայի ընթացքում արդեն 2-րդ անգամ, ու բացի այդ՝ նրա անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց 67 կետով: Աշխարհի չեմպիոնուհու կոչումը նվաճեց 10 միավոր վաստակած ուկրաինացի ՖԻԴԵ-ի վարպետ Նատալյա Բուքսան: Նրանից կես միավորով ետ մնացած ռուսաստանցի միջազգային վարպետ Ալինա Բիվոլն ու 15-ամյա ղազախ գրոսմայստեր Ժանսայա Աբդումալիքը կիսեցին 2-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը բաժին հասավ Բիվոլին, բրոնզը՝ Աբդումալիքին:
Տղաների մրցավեճում մրցելույթները հավասար՝ 10-ական միավորով ավարտած լեհ գրոսմասյտեր Ժան–Քշիշտոֆ Դուդան և ռուսաստանցի Միխայիլ Ատիպովը բաժանեցին 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով ոսկե մեդալը բաժին հասավ, ու աշխահի չեմպիոն հռչակվեց Անտիպովը, իսկ Դուդան Լեհաստան է վերադառնում արծաթե պարգևով: Նրանից 1 միավորով ետ մնացած գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բյուեբաումը բավարարվեց բրոնզե մեդալով։ Հրաշալի մեկնարկ ունեցած ու 5 տուրից հետո 4,5 միավորով միանձնյա մրցաշարային աղյուսակը գլխավորած ՀՀ չեմպիոն Կարեն Հ.Գրիգորյանն աշխահի չեմպիոն դառնալու լուրջ հայտ ներկայացրեց: Սակայն առաջնության 2-րդ հատվածում, ինչպես և անցյալ տարի, Կարենը թուլացրեց տեմպերն ու ի վերջո 7,5 միավորով զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Դա, ճիշտ է, անցած տարվա այս ստուգատեսում ունեցած Գրիգորյանի ցուցանիշի հետ համեմատած՝ 2 տեղով բարելավում էր, սակայն անկասկած դա նրա ուժերի սահմանը չէր: Նկատենք նաև, որ Կարենը 9 կետով նվազեցրեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:
Ամեն դեպքում սա թե՛ Գաբոյանի և թե՛ Գրիգորյանի համար, ովքեր ՀՀ չեմպիոնի կոչում նվաճելու հետ մեկտեղ, ըստ գործող կարգի, ընդգրկվել են համապատասխանաբար կանանց և տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականների կազմերում ու իրավունք ունեն մասնակցելու Ռեյկյավիկում (Իսլանդիա) նոյեմբերի 12-22-ը ընթանալիք Եվրոպայի թիմային առաջնությանը, ուժերի փորձարկման բացառիկ հնարավորություն էր:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը:



