Սիրիական հակամարտությանն ակտիվ ներգրավվելու Ռուսաստանի մտահղացումն իրականում մեծ հնարավորություններ է ընձեռում Հայաստանի համար՝ պայմանով, որ մենք կօգտվենք դրանից ու կկարողանանք վարել արտաքին քաղաքականության այնպիսի գիծ, ինչպիսին, ասենք, Բելառուսինն է: Այսինքն՝ եթե Ռուսաստանն ուզում է ինչ-որ աջակցություն ստանալ մեզանից այդ գործընթացում, ինքն էլ իր հերթին պետք է ինչ-որ լուրջ ու դրական քայլեր անի մեր շահերի սպասարկման մասով՝ կլինի դա ԼՂՀ հակամարտության կոնտեքստում, թե ռուսական կապիտալի բեսպրեդելը կասեցնելու հարցում, թե Ադրբեջանին հարձակվողական սպառազինություն տրամադրելու հարցում:
Ասեմ ավելին. հատկապես Սիրիական պատերազմի կոնտեքստում Հայաստանը, թերևս, ամենամեծ պոտենցիալն ունի ՀԱՊԿ անդամ երկրների շարքում Ռուսաստանին օգնելու հարցում, քանի որ ի տարբերություն բոլոր այդ երկրների՝ մենք Սիրիայում շատ լուրջ ներկայացված ենք հայկական համայնքի տեսքով, էլ չասեմ, որ տեսականորեն ունենք նաև պոտենցիալ «կամավորներ»՝ սիրիահայերի ու ոչ միայն սիրիահայերի տեսքով, ովքեր մեծ հաճույքով պատրաստ են հարկ եղած դեպքում հայկական դրոշի ներքո պայքարել Իսլամական պետության ու Արևմուտքի և Արաբական նավթային տերությունների կողմից բուծված ու սնուցված այլ «ընդդիմադիր» բանդաներին ոչնչացնելու համար:
Բայց այս ամենը լոկ տեսական հավանականությունների շղթաներ են, որոնք առ ոչինչ կդառնան, եթե Հայաստանի իշխանություններն ավելի վճռական կեցվածք չընդունեն ու ավելի ինքնուրույն արտաքին քաղաքական կուրս չվարեն, քան հիմա: Մնում է հուսալ, որ այս գիտակցությունը կա նաև իշխանական վերնախավի մոտ: