Sputnik.co.am-ը գրում է.
«Միսս մոլորակ 2015» մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը Sputnik Արմենիա պորտալին պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների և Ադրբեջանի մասնակցի հետ իր ընկերության մասին 17-ամյա Դայանա Դավթյանը Հայաստանը ներկայացրել է օրերս ավարտված «Միսս մոլորակ 2015» միջազգային գեղեցկության մրցույթում և արժանացել «Միսս էլեգանտ» տիտղոսին։ Գեղեցկուհին մրցույթից հետո իր առաջին հարցազրույցը տվել է Sputnik Արմենիա պորտալին` պատմելով, թե ինչպես է ընկերացել Ադրբեջանի մասնակցի հետ, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ մրցույթում «տանտիրուհու» հաղթանակը կանխորոշված էր
– Դայանա, պատմեք` ի՞նչ մթնոլորտ էր տիրում մրցույթում։
– Մթնոլորտը շատ հաճելի և ընկերական էր, բացարձակ չէր զգացվում, որ մենք մրցակցության մեջ էինք։ Ես ընկերացա բոլոր մասնակիցների հետ։
– Դու ընկերացար նաև Ադրբեջանի ներկայացուցչի հետ, ով, ինչպես պարզվեց, հայկական արմատներ ունի։ Ինչպե՞ս դա ստացվեց։
– Մենք ընկերացել էինք դեռևս մրցույթից առաջ` համացանցի միջոցով։ Նա 75%–ով վրացի է, իսկ նրա տատիկի մայրը հայ է։ Նա շատ լավ աղջիկ է, այդ պատճառով էլ մենք ընկերացանք։
– Ինչպե՞ս էիր քեզ զգում նման բազմության առջև ելույթ ունենալիս, հավանաբար հուզվու՞մ էիր։
– Բեմ դուրս գալուց առաջ ես ինձ մի փոքր ընկճված էի զգում, սակայն արդեն բեմում հաղթահարեցի հուզմունքս։
– Դիմահարդարումը, որը քեզ արել էին մրցույթի վերջին օրը, ցավոք, չի կարելի հաջողված համարել… – Այո, ցավոք, և՛ դիմահարդարումը, և՛ վարսահարդարումն անհաջող էր արված։
– Եթե հնարավորություն ունենայիր ինչ–որ բան փոխելու, ի՞նչ կանեիր։
– Ուրիշ դիմահարդարում։ – Դու կարծում ես, որ եթե դիմահարդարումն ուրիշ լիներ, մրցույթի արդյունքներն ա՞յլ կլինեին։
– Հնարավոր է։
– Ժյուրիի մեծամասնությունը Վրաստանի ներկայացուցիչներ էին։ Ի սկզբանե պա՞րզ էր, որ մրցույթում հաղթանակ կտանի հենց Վրաստանի ներկայացուցիչը։ Եվ ի՞նչ ես կարծում` նման գնահատականն օբյեկտի՞վ էր։
– Իհարկե, դա ակնհայտ էր։ Թեև Վրաստանի ներկայացուցիչը բավական գեղեցիկ աղջիկ է, ես չէի մտածում, որ նա կհաղթի, քանի որ կային ավելի գեղեցիկ մասնակիցներ։
–Եթե ընտրության հնարավորությունը քեզ տային, հաղթանակն ու՞մ կտայիր։
– Դժվար է պատասխանել, բոլոր մասնակիցներն էլ շատ գեղեցիկ էին։
– Դու շատ դուր եկար մրցույթի կազմակերպիչներին, իսկ ինչպիսի՞ն է քո տպավորությունը։ Կարողացա՞ր Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնել, ինչպես պատրաստվում էիր։
–Կարծում եմ` այո։ Կարևորն այն է, որ ես բեմում ոչ մի սխալ թույլ չեմ տվել։
– Դու առաջին անգամ մասնակցեցիր նմանատիպ մրցույթի։ Կցանկանայի՞ր կրկին ուժերդ փորձել։
– Այոոոո…
–Ի՞նչ խորհուրդ կտայիր մյուս մասնակիցներին, որոնք Հայաստանը ներկայացնելու են գեղեցկության այլ մրցույթներում։ Ո՞րն է, ըստ քեզ, հաջողության գաղտնիքը։
– Զգեստները պետք է հնարավորինս ավելի վառ և գրավիչ լինեն, որպեսզի միանգամից աչքի ընկնեն բեմում։ Անհրաժեշտ է շատ ինքնավստահ լինել, քանի որ ինքնավստահության պակասը միանգամից զգացվում է։ Իսկ ինքնավստահություն լինում է այն դեպքում, երբ ինքդ քեզ ես դուր գալիս։ Նաև շատ օգնում է անգլերենի իմացությունը, քանի որ հիմնականում այդ լեզվով ես շփվում մրցույթի ընթացքում։