Իսկ ի՞նչ եղավ 1996 թվի դատաիրավական բարեփոխումների մեջ ամրագրված երդվյալ ատենակալների ինստիտուտը, որ Ռուսաստանում վաղուց է գործում, իսկ Հայաստանում դատավորներն ընդհանուր իրավասության դատարաններում միանձնյա են քննում գործերը 1996 թվի դատաիրավական բարեփոխումներից հետո, ու խորհրդակցական սենյակ անցնելու ժամանակ հայտարարվում է, թե «Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ». մինչդեռ դատավորն ընդամենը մեն-մենակ է վճիռ կայացնում: Ստացվում է, կայանում է դատավորի լուռ զրույցն իր խղճի հետ, ինչպես դեռ մի 17 տարի առաջ եմ արձանագրել այդ զավեշտալի երևույթը մամուլում: Ու հետաքրքիրն այն է, որ «խորհրդակցական սենյակ» գործընթացը կարող է տևել օրեր. ճիշտ է, այդ ընթացքում դատավորը տուն էլ է գնում, բայց ասում են, որ վճիռը գտնվում է «խորհրդակցական փուլում» դատավորի հետ միասին: Որքան էլ տարօրինակ է, հայաստանյան իրավաբաններից դեռևս այդ առթիվ որևէ հիշեցում չի եղել, թե ինչու չի իրագործվում 1996 թվի դատաիրավական բարեփոխումներով նախատեսված դրույթը: Բայց վերջերս այդ թեման դարձել էր «Վիտամին» երգիծական ակումբի նյութ, երբ հաղորդավարը հյուր-փաստաբանից հետաքրքրվեց, թե ինչու երդվյալ ատենակալներ չկան Հայաստանում ու, պատասխանի չսպասելով, եզրակացրեց, թե երևի չեն ուզում սուտ երդվել:
Փաստորեն, խորհրդային տարիների ժողատենակալների ինստիտուտը վերացավ 1995/1996 թվերից, բայց նրանց փոխարեն երդվյալ ատենակալների համակարգ չստեղծվեց, թեպետ նախատեսված էր 1996թ. բարեփոխումների ծրագրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել