Բարև։

Նախ պետք է ասեմ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր կարդացին իմ առաջին գրառումը, ովքեր ոգևորվեցին և գուցե արդեն առաջին քայլերն են անում իրենց կյանքը փոխելու համար: Իրականում ես էլ ոգևորվում էի ձեր մաղթանքներից: Եթե հետաքրքված եք իմ օրագրով, այն կարող եք կարդալ յուրաքանչյուր երկուշաբթի, երբ կսկսեմ նիհարելու նոր շաբաթը, կգրեմ իմ սննդակարգը, և շաբաթ օրը, որի ընթացքում կամփոփեմ ամբողջ անցած շաբաթը: Իհարկե, շատ կցանկանամ, որ մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր հաջողությունների մասին և եթե կունենաք հարցեր, դրանց էլ կպատասխանեմ:  

Հիշո՞ւմ եք` ասում էի, որ հաջողության հասնելու համար կարևոր են և՛ սննդակարգը, և՛ իհարկե մարզասրահ այցելելը: Հիմա ուզում եմ մի քիչ մարզասրահից խոսել, կասեմ, թե ինչպես եմ ես մարզվում, նաև կպատմեմ, թե ինչպես կարելի է ամեն անգամ ոգևորվել և փոքրիկ նպատակներ դնել, որոնք օգնում են ավելի առաջ գնալ:

Եթե ուզում եք կիլոգրամներ կորցնել, որքան էլ բարդ և անհարմար լինի, մարզվեք տաք, բրդյա հագուստով: Այդպես ավելի եք քրտնելու, և արդյունքն ավելի ակնհայտ կլինի: Առաջին մի քանի օրը բավականին դժվար էր և անհարմար, այն էլ օգոստոս ամսվա շոգին, բայց հավատացեք՝ ամեն ինչ կարելի է սովորել:

Քաշ կորցնելու ընթացքում մի՛ արեք ծանր վարժություններ, որոնք կֆիքսեն ձեր մկանները  և թույլ չեն տա, որ ճարպը նվազի: Վազեք, դիք բարձրացեք, քայլեք, սկզբի համար կես ժամ արեք այդ վարժությունները, հետո արեք փորի պրես: Մոտ մեկ ամիս ես արել եմ միայն այդ վարժությունները: Իհարկե, հաջորդ օրն ամբողջ մարմինս բռնված էր, բայց երեք-չորս օրից անցավ: Ես շաբաթական երեք օր եմ մարզվում և հիմնականում երկու ժամ:

Անկեղծ ասած՝ ես էլ, ինչպես շատ աղջիկներ, միշտ կոմպլեքսավորվել եմ մարզվելուց այնպիսի մարզասրահներում, որտեղ տղաներ էլ կան, հիշում եմ՝ առաջին օրը, երբ գնացի, ինձ թվում էր՝ հիմա ամեն ինչ սխալ եմ անելու, տղաները կնայեն, և ես կդառնամ ծիծաղի առարկա: Բայց չգիտեմ, ուրախությունս, թե հիասթափությունս էր շատ, տղաները, բացի իրենց գանտելներից և բիցեպսներից, այլ տեղ չէին նայում: Իսկ արդեն երկրորդ պարապմունքի ժամանակ ամեն ինչ շատ սովորական դարձավ, եղան նաև մարդիկ, ում հետ ընկերացա, ովքեր կիսվեցին իրենց փորձով, հավատացեք՝ դա էլ է շատ օգնում: Հիմա մարզասրահն իմ լավագույն ընկերուհին է դարձել, ով չի դավաճանում, չի խաբում, միշտ պատրաստ է պայքարել ինձ հետ, վազել այնքան, մինչև ինքդ չես որոշի կանգ առնել: Կարևոր մի բան էլ՝ մարզվելով դու ոչ միայն մարմինդ ես կոփում, այլև բնավորություն ես ձեռք բերում, այ օրինակ ամեն անգամ պայքարում ես, քրտնում ես մի կգ նիհարելու համար, իսկ դա նշանակում է՝ կյանքում էլ ցանկացած բանի հասնելու համար կսկսես պայքարել:

Կար ժամանակ, երբ ես արտաքինիս հետ կապված փոփոխություններ շատ էի անում, մասնավորապես՝ մազերիս կտրվածքի և գույնի հետ, երբ գիրացա, միանգամից մգացրեցի մազերիս գույնը և սկսեցի վախենալ փոփոխություններից` մտածելով, որ ինձ այլևս չի սազի, պետք է խոստովանեմ, որ անգամ իմ ամենասիրելի կտրվածքը` կառեն, այլևս ինձ առաջվա պես չէր սազում, և շրթներկի այն գույները, որոնք ես շատ սիրում էի սիրում, ինձ դուր չէին գալիս: Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, հիշո՞ւմ եք՝ ասում էի փոքրիկ նպատակների մասին, դրանք պետք է հնարավորինս իրականացող լինեն, օրինակ՝ մի որոշեք, որ հենց նիհարեք, գնալու եք Մալդիվներ՝ հանգստանալու, այլ տարբերակ առաջարկեմ՝ հանդիպում գտեք ձեր նախկինի հետ, դա արեք պատահական, որ նա տեսնի և զարմանք ապրի, իսկ դուք դրանից ձեզ ավելի լավ կզգաք, կամ, օրինակ, եթե ունեք նախանձկոտ ընկերուհիներ, հավաքույթ կազմակերպեք և միանգամայն այլ տեսքով գնացեք, թող բոլորը նախանձեն, թե ինչ լավն եք դուք դարձել: Կարծում եմ՝ դրանից լավ բան չկա: Այ օրինակ ես որոշել եմ, երբ դառնամ 75 կգ, փոխելու եմ վարսերիս գույնը:  

Սննդակարգ

Այսօր ինձ թույլ եմ տվել արքայական նախաճաշ.

Երկու կտոր հաց՝ վրան մեկ հատ վիչինա և կոտրած ձու

Ժամը 10:00-ին՝

1 հատ կանաչ խնձոր և իհարկե ջուր

 

13:00-ին՝

1 հատ խաշած սունկ

1 հատ վարունգ

50 գրամ կանաչ ոլոռով ձվածեղ

50 գրամ կաղամբով աղցան

18:00-ին՝

50 գրամ բրինձ

50 գրամ հավի կրծքամիս

1բ անյուղ կեֆիր

Հիշեք՝ նիհարելու համար ժամանակ և  համբերություն է պետք, եթե արդեն սկսել եք այդ ճանապարհը, հետ մի կանգնեք, որքան էլ որ դժվար լինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել