Վերջերս «Նախաձեռնող» խմբի կողմից Facebook-ում ստեղծվեց «Terlemezyan College» անունով էջ, որի նպատակային մասում գրված է. «Էջը համակարգում է Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ճակատագրով շահագրգիռ մարդկանց նախաձեռնած շարժումը»:
«Նախաձեռնող» խումբը բաղկացած է 4 հոգուց՝
Գևորգ Պողոսյան՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան 1993-1995, Գեղարվեստի պետական ակադեմիա 1995-2001, Դասավանդել է Գեղարվեստի պետական ակադեմիայում 2006-2009,
Սամվել Ավետիսյան՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան 1993-1996, 1998-2000,
Արման Վահանյան՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան 1993-1995, Գեղարվեստի պետական ակադեմիա 1995-2001, դասավանդում է Գեղագիտության ազգային կենտրոնում 2000 թ.-ից,
Տիգրան Սահակյան՝ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան 1992-1994, Գեղարվեստի պետական ակադեմիա 1994-2000, դասավանդում է Գեղարվեստի պետական ակադեմիայում 2004 թ.-ից:
Իսկ թե ինչն է դրդել դրան, կներկայացնեմ քոլեջի «կենսագրականը» մի փոքր պատմելուց հետո:
2007 թ.-ից քոլեջի տնօրենն էր 1999-2012թթ. ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի որդի Նարեկ Առուշանյանը, սակայն, երկարատև հիվանդությունից հետո, ս/թ-ի օգոստոսի 13-ին, 39 տարեկան հասակում, նա մահացավ: Աստված հոգին լուսավորի:
Քոլեջի տնօրենի մահից հետո սեպտեմբերի 1-ին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Գևորգ Սողոմոնյանը, ով հենց Թերլեմեզյանի շրջանավարտ է: Սակայն, անհայտ պատճառներով մեկ ամիս անց Սողոմոնյանին փոխարինեց Առուշանյանի այրին՝ Աննա Մնացականյանը:
Հետաքրքրականն այն է, որ տիկին Մնացականյանը «մի փոքր հեռու է արվեստից». առաջին մասնագիտությամբ ծրագրավորող է, ատենախոսությունը եղել է ազգագրության թեմայով և 7 տարվա փորձ ունի սոցիալական ոլորտում: Այո՛, հնարավոր է, որ նա շատ լավ մարդ է, սակայն ես չեմ պատրաստվում քննարկել իր անձնային առանձնահատկությունները: Ուզում եմ հասկանալ, թե այստեղ ո՞րն էր կապը մանկավարժության ու արվեստի հետ: Այն, որ նա ծնվել և մեծացել է մշակութային ընտանիքո՞ւմ... Կներեք, բայց խելամիտ եզրեր չեմ գտնում: Թերլեմեզյանի հետ կապն էլ կարելի է սահմանափակել միայն նրանով, որ նա պարոն Առուշանյանի կինն է եղել: Իսկ այն փաստի վերաբերյալ, որ նա բազմիցս ասում է, թե սա է արել քոլեջի համար, նա է արել, կասեմ, որ շատ հանգիստ կարող էր չանել: Մեկն իրեն ստիպե՞լ է... Կարծում եմ` ոչ: Այդ տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա, օրինակ` Ռալֆ Յիրիկյանը պետք է հիմա մի քանի տասնյակ հաստատությունների տնօրեն լիներ: Իսկ այն փաստը, որ 200-ից ավելի արվեստագետներ և 600-ից ավելի ուսանողներ արդեն մասնակցել են տիկին Մնացականյանի դեմ կազմակերպված ստորագրահավաքին, որն այժմ էլ է շարունակվում, տիկին Մնացականյանի կողմից գնահատվել է որպես մի քանի հոգուց բաղկացած խումբ, ինչը իրեն չի խանգարում մրցույթին մասնակցելուն:
Զավեշտի շարունակությունը. նա նշանակվում է ժամանակավոր պաշտոնակատար այն դեպքում, երբ դեկտեմբերի 14-ին պետք է կայանա քոլեջի տնօրենի մրցույթը: Ինչո՞ւ... Տնօրեն դառնալու ակնկալիքո՞վ... Գուցեև:
Տիկին Մնացականյանը մանկավարժ չէ, սակայն այդ հարցին էլ կա լուծում. 2008 թ.-ի փետրվարի 20-ին ՀՀ ԿԳ «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարության Բ կետում հստակ ամրագրված է. «Վերջին տասը տարվա ընթացքում ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ առնվազն հինգ տարվա մասնագիտական, կամ ԿՐԹՈՒԹՅԱՆ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ», 2012թ. նոյեմբերի 3-ի հայտարարության նույն Բ կետը արդեն «մի փոքր» փոփոխված է. «Վերջին տասնհինգ տարվա ընթացքում հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կառավարման ոլորտում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ», փաստորեն ԿՐԹՈՒԹՅՈՒՆ բառը սղվեց...
Լավ բան է էլի, երբ լավ կապեր ես ունենում: Տիկին Ալվարդն ամեն գնով փորձում է պահել «ընտանեկան բիզնեսը»:
Դա նույնն է, ինչ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը լիներ, ասենք, մասնագիտությամբ քանդակագործ, կամ Ինֆորմատիկայի քոլեջի տնօրենը՝ երաժիշտ, Տնտեսագիտական քոլեջի տնօրենն էլ՝ վարսահարդար...
Հասարակության բնականոն զարգացումն ապահովելու համար ավելի ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուրն իր տեղում լինի. մանկավարժը լինի մանկավարժության մեջ, լրագրողը՝ լրատվական դաշտում, ծրագրավորողը՝ համակարգչի մոտ, ոստիկանը՝ ծառայության մեջ...
Հ.Գ. Նայելով և կարդալով տիկին Պետրոսյանի հարցազրույցներն ու «ընտանեկան կապիտալը» պահպանելու պայքարը՝ չեմ զարմանա, որ, հարկն եկած տեղը, ՀՅԴ-ին էլ հակառակվի...