Սա Երևանն է, այստեղ դու տանն ես:
Երևանն աշխարհի միակ քաղաքն է, որ հավասարը չունի իրեն ձոնված սրտառուչ երգերի քանակով: Տարիների ընթացքում գալիս ես այն եզրակացությանը, որ միայն խոսքերով սիրելը, երևացող տեղերը մաքուր պահելը թե՛ միջանձնային հարաբերություններում, թե՛ մնացած բոլոր հարցերում, բայց աղբի մեջ ապրելը հատուկ է մեզ: Դեռ մի քանի ամիս առաջ, երբ նյարդերս էլ չդիմացան, վաղ առավոտյան ինքս էի մաքրում բակի աղբը (ամեն առավոտ շանը տանում եմ զբոսանքի, երբ դեռ քաղաքը քնած է): Մի օր բակի պապիկներից մեկը մոտեցավ, հարցրեց, թե ինչու եմ ես մաքրում, ասացի, որ իմ երեխաներն են խաղում այստեղ, հո չե՞մ թողնի՝ այս պայմաններում խաղան: Ասաց, որ խոսել են արդեն, խոստացել են, որ հարցը կլուծվի, բակում կա 67 երեխա, ամեն մեկն էլ մի բան նետի, արդյունքը սա կլինի։ Ժամանակին քաղաքապետարանն էր պատասխանատու, հիմա 15 օրը մեկ է մաքրում, ԺԷԿ-ը պիտի հարցը լուծի: Հավատացի, վստահեցի, համբերատար սպասեցի:
Երբ մեկ ամիս առաջ մեկնում էի, բակն էին կարգի բերում, ուրախացա... Հիմա վերադարձել եմ ու կրկին շանը տարել եմ զբոսանքի. ահավասի՛կ...
Ինձ՝ որպես միջին ստատիստիկ ծնող, բնավ չի հետաքրքրում, թե ով է մեղավոր, որ իմ երեխաներն այս պայմաններում են անցկացնում իրենց օրվա մեծ մասը, բայց ունե՞մ արդյոք իրավունք՝ պահանջելու այս հարցին լուծում : Սա գրում եմ 4 ամիս համբերելուց հետո միայն, ինքս իմ չափով ամեն օր մաքրելուց հետո միայն...
Երևանը գովերգելու, հազարամյակների պատմությունը թմբկահարելու հարցում անխնա խոսքեր շաղ տալը դեռ երբեք հարց չի լուծել, 21-րդ դարը կոնկրետ գործողություններ է պահանջում:
Եվ սա դեռ քաղաքի կենտրոնն է...