1. Գրառումներ ու մեկնաբանություններ անելիս օբյեկտիվ եղեք, հիմնավոր ու գրագետ, անգամ եթե դա ձեր կարծիքը չէ:

2. Խուսափեք մեղադրել մարդկանց ու երևույթներին, եթե անձամբ ներգրավված չեք այդ գործընթացում ու իրավիճակին չեք տիրապետում գոնե 99 տոկոսով:

3. Մի քննադատեք երևույթներ, որոնք համամարդկային են ու յուրաքանչյուրին կարող են հանդիպել:

4. Հարգեք ընթերցողներին, մի հայհոյեք, մի տեսակ անշնորհակալ գործ է, երբ վիրտուալ տիրույթում ու հատկապես կեղծանվամբ եք ներկայանում:

5. Մի դարձեք «հերթական» փորձագետն ու ամենագետը, յուրաքանչյուր օգտատեր յուրովի գերազանցիկ է, մի տեսակ աննրբանկատ է:

6. Մի շողոքորթեք, ակնհայտ է ու չափազանց անհարգի, ընդ որում բոլորն են նկատում ու գռեհիկ կերպով բնորոշում, որն իրականում բավանակին արդարացի է: Անկեղծ ու զուսպ եղեք:

7. Մի մոռացեք ֆեյսբուքյան ալգորիթմի մասին, որովհետև անընդմեջ տեղադրած հանրագրերն արագ կհոգնեցնեն ու կձանձրացնեն ձեր ընկերներին, եթե ձեր ստատուսները խիստ պահանջված ու տեղեկատվական չեն, հաճախ վերլուծությունները սուբյեկտիվ են ու անհեթեթ:

8. Մի մոռացեք, ֆեյսբուքում բազմաթիվ երեխաներ կան, որ սպասում են ավելի պոզիտիվ հրապարակումների կամ ավելի էսթետիկ լուսանկարների, օգտատերերից շատերը նախապատվությունը տալիս են «սպանություն, բռնաբարություն, վթար, զոհ, դավաճանություն» վերնագրերին ու հրապարակումներին:

9. Մի մտեք խորը վեճի մեջ, դրանք մեծ հաշվով հեռու են վեճի բուն թեմայից և հիմնականում թաթախված են լրացուցիչ օրինակներ ու շեղումներ առաջացնող նյութերով:

10. Գրեք այն, ինչ կարող եք ասել նաև իրական կյանքում, դեմ-հանդիման և էլի ամենակարևորը՝ մեղադրելիս հիշեք, որ քննադատվողի դերում կարող եք հայտնվել դուք ու անկախ ձեր կամքից, միշտ դիտարկեք հարցի երկրորդ կողմը, որովհետև քննադատելը դարձել է ամենօրյա, պրիմիտիվ ու չափազանց հեշտ գործողություն` կորցնելով իր հիմնական թեման:

Մի քանի ժամ է, զննում եմ ֆեյսբուքը, բոլորը քննարկում են, սա գուցե նորմալ է, սակայն ինձ համար անընդունելի է, երբ շատերը, բուն թեմաները թողնելով, այլ որակումներ են տալիս, փորձում են անխնա վիրավորել, տարածել՝ շեշտը դնելով թեմայից դուրս հարցերի, որոնց մասին կարելի է գրել այլ օրերի և ոչ թե դժբախտ պատահարի թեժ ժամերին:

Հ.Գ. Սա, իհարկե, իմ խիստ սուբյեկտիվ մոտեցումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել