GalaTV.am-ը գրում է.
«Երբ սեպտեմբերի 1-ին արեւելյան Ուկրաինայում դադարեցին կրակոցները, լավատեսները կարծեցին, որ Պուտինը նահանջում է»,- գրում է The Washington Post-ի խմբագրի տեղակալ Ջեքսոն Դիլը։ Բայց հաղորդագրություններ ստացվեցին Սիրիայից։ «Ռուսական ռազմական ինքնաթիռները թռչում են ապստամբների կողմից վերահսկվող Իդլիբ նահանգի վրա։ Նոր ռազմակայանում զորանոցներ են կառուցվում: Նավերից բեռնաթափվում են նոր զրահամեքենաներ։ Պարզվում է՝ Պուտինը չի նահանջում, այլ տեղաշարժում է ճակատը եւ կատարում է իր հանդուգն մանեւրներից մեկը, որոնք հաճախ են անակնկալի բերում Օբամայի վարչակազմին»,- ասվում է հոդվածում:
Դիլը կարծում է․ «Ուժ կիրառելով՝ Պուտինը ստիպեց Արեւմուտքին հաշտվել իր պահանջների հետ Ուկրաինայում, իսկ այժմ փորձում է կրկնել իր հաղթանակը գործողությունների երկրորդ թատերաբեմում»:
«Մինչդեռ, մայիսին Պուտինի հետ Սոչիում հանդիպման ժամանակ պետքարտուղար Քերին լիովին աջակցեց «Մինսկ-2»-ի պայմանագրին»,- պնդում է Դիլը։ Նրա կարծիքով՝ Կիեւի համար պայմանագիրը շահավետ չէ. սահմանադրական բարեփոխումների պայմանը «Պուտինին տալիս է վետոյի փաստացի իրավունք Ուկրաինայում պետկառավարման կառուցվածքի վրա»:
Թեեւ Ռուսաստանը չի պահպանել «Մինսկ 2»-ի հրադադարի մասին կետը, Օբամայի վարչակազմը պահանջել է, որ Պորոշենկոն Ռադա մտցնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը։ «Թվում է՝ ԱՄՆ-ն կատարել է այն խոստումը, որը Քերին տվել էր Պուտինին»,- ասվում է հոդվածում:
Պուտինը, սակայն, հրապարակայնորեն բողոքել է, որ սահմանադրական բարեփոխումները չեն փոխել իշխանական կառուցվածքի էությունն Ուկրաինայում։ Հեղինակի կարծիքով՝ արեւմտյան առաջնորդները չեն մերժում Պուտինի պահանջը, այլ սիրաշահելով խոստումներ են տալիս։
Սիրիայում, ինչպես կարծում է Դիլը, Պուտինը ցանկանում է խափանել Ասադին հեռացնելու Արեւմուտքի եւ նրա դաշնակիցների փորձերը, ինչպես նաեւ հասնել նրան, որ իր վարչակարգը ճանաչեն որպես «Իսլամական պետության» դեմ պայքարում կոալիցիոն գործընկեր։
«Գուցե Պուտինն իրականում բլեֆ է անում հուսահատությունից, բայց միգուցե հույս ունի, որ Օբամայի վարչակազմը Սիրիայում իր ռազմատենչությանը կարձագանքի նույն կերպ, ինչպես Ուկրաինայում. լայն իմաստով կհամաձայնի իր պահանջներին եւ կփորձի համոզել համակերպվել նաեւ իր սիրիացի եւ արաբ դաշնակիցներին»,- եզրափակում է հեղինակը: