ՀՐԱՏԱՊ
Մի 2 օր առաջ լրատվականներից իմացա, որ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում իրավիճակը մտահոգիչ է, որ որոշ բնակավայրերի թվով մոտ 25 երեխաներ տեղափոխվել են տեղի հիվանդանոց։ Նաև կային հավաստիացումներ, որ բոլորի վիճակն իբր կայուն է, պատճառների մասին կային միայն վարկածներ: Ցավոք, այդ իրավիճակը, որը արդեն կարող եմ բնութագրել որպես համաճարակային, չշրջանցեց նաև մեզ: Մի խոսքով, մոտավորապես ներկայացնեմ իրական իրավիճակը և մի քանի հարցադրումներ եմ ուզում անել: Բայց նախքան այդ ուղղակի նշեմ, որ ցնցված եմ մեր փառահեղ իշխանությունների համապատասխան օղակների «հոգատար», «սրտացավ», «օպերատիվ » աշխատանքի ոճից:
Թալինի միակ հիվանդանոցում տեղ չկա ուղղակի, մահճակալները տեղափոխել են սենյակից սենյակ՝ մի կերպ տեղավորելով որոշ երեխաների: Մնացածին ուղղակի նշանակումներ են անում, ուղարկում տուն՝ վիճակի անբավարար լինելու պարագայում նորից հիվանդանոց տեղափոխելու պայմանով: Կա ընդամենը մեկ հերթապահ, այն էլ ոչ մանկաբույժ: Երեխաներ են բերում տառացիորեն 2-3 րոպեն մեկ: Նույնիսկ հերթապահ բուժքույրը դժվարացավ նշել քանակը: Այսքանից հետո ասել, որ այս կամ այն տարածքում իբր նման դեպք է գրանցվել, նշանակում է ոչինչ չասել:
Լավ, ուղղակի հարց է ծագում.
Եթե դեպքը շարունակվում է արդեն 7-8 օր (ծնողների հավաստմամբ), եթե դեռ չի նշմարվում հիվանդների թվի նվազում, ընդհակառակը՝ գնալով սաստկանում է նման ախտանիշերով երեխաների վիճակը՝ գրանցելով նաև քանակական կտրուկ աճ, ապա այդ դեպքում ո՞ւմ համար են մեր համապատասխան նախարարության ահռելի թվով աշխատակիցները, ու եթե նույնիսկ այդ պայմաններում համապատասխան դեղորայքներով անգամ չի ապահովվել բուժ. կենտրոնը, ապա ընդհանրապես ո՞ւր են նայում համապատասխան պատկան մարմինները:
Ու ընդհանրապես հարց է առաջանում, կա՞ նման գործառույթներով զբաղվող նախարարություն:
Ո՞ւր են իշխանության համապատասխան օղակները, նրանց շարքերում կա՞ն արդյոք թեկուզ միջնակարգ նորմալ կրթություն ունեցողներ, որ կարողանային մտածել ու նման իրավիճակներում գործեին օպերատիվորեն՝ կենտրոնացնելով այլ տարածքներից շտապօգնության մեքենաներ, կազմակերպեին համապատասխան մասնագետների ներգրավում, կենտրոնացնեին գոնե մարզի մակարդակով բժշկական ներուժը՝ չունենալու համար վտանգավոր ելքերով դեպքեր, թույլ չտալու, որ բարձր ջերմությամբ, գլխացավով ու գլխապտույտով, սրտխառնոցով ու փսխումներով օգնության ակնկալիքով մեկ հերթապահ բժշկի ընդունարանում հավաքվեն բազմաթիվ անչափահասներ ահավոր վատ վիճակում, նրանցից ոչ պակաս վատ ու գռգռված, անելանելի իրավիճակում հայտնված ու անորոշության մեջ սպասող ծնող-հարազատներ:
Ծնողների հավաստիացումներով օրեր առաջ անալիզի նպատակով նաև ջուր են վերցրել այն համայնքներից, որտեղ մասսայական են համարյա դեպքերը, և դեռ ոչ մի պատասխան, որն էլ նշանակում է՝ չկա կանխարգելիչ աշխատանքի գործոնը:
Իսկ ամենազարմանալին ու ամենազայրանալին այն էր, որ իմ համառ պնդումներից և պահանջներից հետո պատասխանեցին, որ իրենց մոտ տեղափոխված կա միայն մի դեղատեսակ, որն արժեքով ամենաէժանն է դեղատներում:
Մնում էր ամբողջ գիշերը դեղատների դռները թակել, որպեսզի անհրաժեշտ դեղորայքները մի կերպ ձեռք բերեինք, որը, իմիջայլոց, բոլորի պարագայում նույնն էր, ու ի՞նչ պիտի լինի, երբ դեղատներում էլ սպառվեն, վերջանան համապատասխան դեղորայքները:
Մի խոսքով՝ թույլ եմ տալիս ինձ ասել՝ էստեղ ոչ պետական մոտեցում կա, ոչ մտածելակերպ, ոչ գործելաոճ, ոչինչ չկա, ու նաև այն, որ Մարդը մեր երկրում բացարձակ արժեք չի ներկայացնում: Սա է իրավիճակից ծնված իմ ընդհանրացված հետևությունը:
Աստծո բարեհաճությամբ առողջություն փոքրիկներին: