Նույնիսկ եթե մի պահ վերանանք այն մտքից, որ «Շարմի» «Հյուսիս-Հարավը» մեծ հաշվով ֆիլմ չէր, այլ «Հյուսիս-հարավ» անունով ոչ այնքան հաջողված ճանապարհաշինական նախագծի երկարամետրաժ գովազդային հոլովակ, որը մերթընդմերթ ընդհատվում էր «Կովկաս» ռեստորանի ու «Any Rose» խանութի գովազդներով, ապա պետք է նկատել, որ անգամ թաղումների ժամանակ այնքան լուռ չէ, ինչքան «Հյուսիս-Հարավը» դիտելու ընթացքում։ Շարմն այս անգամ ինչ-որ բան չի հաշվարկել։ Ընդհանուր առմամբ կատակները գռեհիկ էին, իրավիճակային հումորները՝ կանխատեսելի ու, որպես կանոն, առավելագույնն արժանանում էին ժպիտի և ոչ երբեք ծիծաղի։
Սցենար
Սցենարը խիստ խճճված է։ Արդյունքում պարզ չի դառնում, թե որն է ֆիլմի հիմնաքարը։ Առաջին հայացքից կարծես այն իրականությունն է, որ ֆիլմի 4 գլխավոր հերոսները հայտնվում են օլիգարխի տանը և խնդրի են բախվում։ Բայց ֆիլմում կա փոքրիկ հատված, որտեղ տղաները որոշում են գումար աշխատել «Հյուսիս-հարավ» ճանապարհի վրա։ Ու անհասկանալի է, թե այդ դեպքում ինչու է ֆիլմը «Հյուսիս-Հարավ» կոչվում, ու ինչու է հողերի հետ կապված այդ փոքրիկ դրվագն այդքան գերարժևորված։ Թվում է, թե սցենարում սկոտչով ու կլեյով իրար են կապել իրարից անկախ երկու երևույթներ։ Ի դեպ, 4 անդավաճան ընկերների ու մեծահարուստի տան պատմությունը «Մալչիշնիկ վ Վեգասե» ֆիլմից է, որը բոլորս նայել ենք, ու այս ֆիլմն այդ առումով նորություն չէր։
Դերասաններ
«Շարմի» ֆիլմերն արդեն հոգնեցնում են դերասանների նույնությամբ ու կրկնվող խաղով։ Տպավորություն է, որ նույն ֆիլմի տարբեր հատվածներ ես դիտում ամեն անգամ։ Միշոն միշտ նույն Միշոն է՝ բիթի տղայի իր իմիջով, Սոսն, ինչպես Բարխուդարովի տղա կար, այդպես էլ մնաց այդպիսին իր ողջ կարիերայի ընթացքում... Միակ սյուրպրիզը Սոնան էր, ով հետաքրքիր էր խաղում։ Նվերի հատվածն էր անհասկանալի։ Ակնհայտ էր, որ սցենարը գրվել է Հովհաննես Ազոյանի համար, բայց նրա դերում այլ տղա էր։ Հավանաբար Հովհաննեսի հետ ինչ-որ հարցում չեն կարողացել պայմանավորվել։ Արդյունքում խեղճ Նվերը տանջվում էր, որ Հովոյի պես խոսի, Հովոյի պես մազեր ու տեսք ունենա, Հովոյի միմիկաներն ունենա։ Ամեն դեպքում հաճելի կլինի ֆիլմերում տեսնել դերասանների, ովքեր ոչ թե ֆիլմում այնպես են, ինչպես կյանքում, այլ ամեն անգամ նորովի կարող են ներկայանալ։
Անիմացիա
Անիմացիան ֆիլմում շատ էր։ Անիմատորը վատը չէր իրականում, բայց «Շարմում» նրան փորձել էին մաքսիմալ ծանրաբեռնել, ու ստացվել էր պերեբոռ։
Գովազդ
Գովազդներն իսկապես շատ էին։ Հիմա, երբ փորձում եմ ֆիլմից տեսարաններ հիշել, հասկանում եմ, որ ֆիլմում մեկ «Կովկաս» ռեստորանից վազում էին «Any Rose» ծաղկի սրահ, մեկ՝ հակառակը։
Ամեն դեպքում ցավալի էր, որ հումորային ֆիլմի ամենածիծաղելի մասը չստացված կադրերն էին։ Հուսամ՝ հաջորդ անգամ ավելի հետաքրքիր բանի ականատեսը կլինենք։