Պայքար… Ամեն անգամ, երբ ընթերցում եմ այս բառը, մարմնովս սարսուռ է անցնում: Բայց ոչ նրա համար, որ խուսափում եմ պայքարից, այլ այն պատճառով, որ չեմ հասկանում պայքարի իմաստը: Շուրջբոլորը պայքար է… պայքար դիրքի համար, պայքար պաշտոնի համար, պայքար հեղինակություն հաստատելու համար, պայքար ցոփ ու շվայտ կյանքի համար, պայքար ամենաթանկարժեքին տիրելու համար, պայքար երկրային կյանքում ստեղծված փուչ և կեղծ արժեքների համար, պայքար սեփական «ես»-ն ապացուցելու համար, պայքար դիմացինին պարտադրելու համար, պայքար քծնվելու համար, պայքար շողոքորթելու համար, պայքար հաճոյանալու համար… պայքար՝ հավերժական պայքարի մեջ…
Աստված նման բան չի հորդորել: Աստված բոլորին ստեղծել է հավասար, բոլորին օժտել է մեկ գլխով, երկու ոտքով, երկու ձեռքով, մտածելու կարողությամբ: Բայց մտածել ո՛չ թե կեղծավորությամբ ցանկալիին հասնելու, ո՛չ թե խաբեությամբ ցանկալիին տիրելու, ո՛չ թե դիմացինի բարությունը սեփական շահի համար օգտագործելու, ո՛չ թե դիմացինի անկեղծությունը որպես զենք՝ հենց դիմացինի նկատմամբ օգտագործելու, ո՛չ թե ճիշտն ու սխալը միախառնելու, և նույն հարթության վրա դնելու մասին, ո՛չ թե անմիջականությունը հիմարության հետ խառնելու, բարությունն էլ՝ պարտավորվածության…
Աստված պատգամել է՝ Սիրել միմյանց… Իսկ ո՞ւր են սրա համար պայքարողները: Ո՞ւր են միմյանց անկեղծորեն և իրապես հարգելու համար պայքարողները: Ո՞ւր են սեփական անձի հետ ինքնակատարելագործվելու ուղղությամբ պայքարողները: Ո՞ւր են իսկապես թանկագին արժեքների համար պայքարողները:
Շուրջն ամեն բան կեղծ է… Կա՛նգ առ։ Ինչ-որ գումարի դիմաց մի՛ վաճառիր սեփական էությունդ, և այդ վաճառքից ստացված «հասույթով» քեզ, իբր թե, մարդ զգա… Ինքդ քո աչքին մի՛ նվաստացրու տեսակդ… Մի՛ պայքարիր այն ամենի համար, ինչն էությամբ խորթ է քո իսկ էությանը… Պայքարիր, միայն ու միայն հոգիդ ու սիրտդ մաքրելու, ինքնակատարելագործվելու, ճշմարիտը ճանաչելու և կյանքիդ ու մահվան սահմանագծին գլուխդ բարձր մոտենալու համար…
Հարգե՛ք ու սիրե՛ք միմյանց, քանզի երկրային կյանքի ամենադժվար, բայց միաժամանակ նաև ամենացանկալի արժեքներն են: Մա՛րդ եղեք «մարդկանց» մեջ….