Մի տարեց տաքսիստ, անխտիր հայհոյելով բոլոր քաղաքական գործիչներին, հիշում էր սովետական հին ու բարի կյանքն ու վերջում ավելացրեց.

-Ես վերջին տարիներին համարյա ամեն օր գիշերները, բարձը գրկած, լաց եմ լինում այն երկրի համար: Վերջին 30 տարվա կյանքս ինձ թվում է վատ երազ, որից չեմ կարողանում ազատվել:  

Ես էլ եմ հիշում իմ մանկությունը...  դպրոցական վառարանի մեջ կաթացող նավթի հոտը, կարմիր ֆուջիկաների ջերմությունը, վառարանների պատերի կպած կարտոֆիլի շերտերի ախորժաբեր բույրը, վառարանի դռնակի ճեղքից երևացող վառվող գրքերի թրթռացող բոցը: Երեխաների համար կրակի ջերմության և լույսի մեջ ինչ-որ հիպնոսացնող բան կա:

Հիշում եմ ավտոբուսների ու տրոլեբուսների մեջ ճզմված, անտարբեր դեմքերը: Հիշում եմ, մի անգամ, երբ գնում էի երաժշտական դպրոց, միայն մի ձեռքով կախվել էի ավտոբուսի դռից: Այդ պահին միակ երազանքս էր՝ ուժերս հերիքեն մինչև հաջորդ կանգառ: Հերիքեցին: Դժվար չէր նկատել, թե ինչպես են բարեկեցիկ ընտանիքները հաշված ամիսների ընթացքում վերածվում չքավորների: Մարդկանց աշխարհի ընկալումը սահմանափակվում էր հովհարային անջատումների միջակայքում: Սոցիալական բարեկեցության բարձրակետը դվիժոկի առկայություն էր: Հեշտ է տանել զրկանքները, որբ դրանք համատարած են, հատկապես բութ մեքսիկական սերիալների զոմբիացնող ազդեցության ներքո:  Սերիալային հերոսուհիների ճակատագրի «սցենարային» դժբախտություններին համեմատ հայկական դառը իրականությունն ընկալվում էր որպես տանելի ու ժամանակավոր:   

Ավտոբուս-1990-ականներ

Հետո եկավ իրավիճակի իրատեսական գնահատելու ժամանակը: Անկախ և բարեկեցիկ Հայաստանի մասին 1990-ականների պատկերացումները և միամիտ, իդեալականացված երազանքները ջարդուփշուր եղան, երբ հանդիպեցին իրականությանը: Շատերը չէին ուզում հավատալ, որ այլևս հետադարձի ճանապարհ չկա, այլևս անցյալի նման չեն ապրելու: Շատերն այնքան բարձր էին գոռացել ժամանակվա կարգախոսները, որը ենթագիտակցորեն իրենց մեղավոր ու հանցակից էին զգում դրանց հետևանքների և առկա իրավիճակի համար: Ճակատագրի հեգնանք էր, երբ 1990-ին գործադուլ անող մարդիկ, մի քանի տարի անց առհավետ դասվեցին գործազուրկների շարքում: Կարծում եմ, որ 1990-ականները սկիզբ դրեցին մի երևույթի, որի հետևանքները առկա են մինչև այժմ: Համատարած և մինչև ոսկորները թափանցած ՎԱՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ և ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ: Հիասթափված լինելու զգացումը բերում էր երեք վարքային մոդելի՝ փոխել իրականությունը, համակերպվել իրականությանը և փախչել իրականությունից: 

Երկու աստղ

Երբ երեխադ սոված է, մրսում է, հիվանդ է, իսկ դու չես կարող քեզ թույլ տալ գնել դեղեր, անհամեմատ դժվար է մտածել վերացական «անկախության», «սովետական տոտալիտարիզմի» և «գալիք լավ ժամանակների» մասին, հատկապես, երբ անցյալի նկատմամբ ատելություն ներշնողների երեխաները կուշտ են, տաքուկ շորեր են հագնում և հանգստանում են արտասահմանյան կուրորտներում: Մի քանի տասնյակ տարիներ գործարաններում աշխատած բանվորները մի լուսավոր առավոտ բացահայտեցին, որ իրենց գործարանը մի քանի վաուչերով վաճառվել է ինչ-որ մարդկանց, որոնք առանց երկմտալու և օրենքի սահմաններում կարող են դուրս տշել բոլորին: Որպես կանոն, այդպես էլ արեցին: Մարդիկ սկսեցին գիտակցել, որ այս երկիրը իրենցը չէ: Միգուցե սա էլ արտագաղթի կարևոր պատճառներից էր:

Զարգացած արդյունաբերություն ունեցող երկրում ամենաշահութաբեր բիզնեսը դարձավ մետաղի ջարդոնի հավաքում: Բանվորները, ինժեներները և ամեն տեսակի և մասշտաբի գիտնականները վերածվեցին «մութ» անցյալից ժառանգված կույր աղիքի, որոնց գոյությունը կապիտալիզմի առաջարկի և պահանջարկի պայմաններում տեղ չուներ:    

Հացի հերթ:

1991 թվականի գաղափարախոսությունն իսպառ արժեզրկվել էր 1994 թվականին, բայց այլևս այլընտրանք չկար՝ դեպի հետ տանող կամուրջները այրվել էին, առջևում հիասթափություն և անորոշություն, իսկ ներկայում առաջ քաշվող գաղափարներն արհեստական, անիրատեսական և իրարամերժ էին: Մարդկանց միակ ռազմավարությունը մինչև մյուս հացի հերթը գոյատևելն էր: Ով եղել է 1990-ականների հացի հերթում, կարող է պատկերացում կազմել սոցիալ-դարվինիզմի և գոյության պայքարի մասին: 

Հացի հերթ2:

Հացը գլխավերևում պահած, մի քանի հարյուր մարդու շրջափակման ճեղքում մի փոքր հաղթանակ էր բոլորիս համար: Համոզված եմ, գրածս տեքստը 20 տարեկանների IPhone-ական սերնդի համար անհասկանալի և անհեթեթ է: Երբ ես լսում եմ, որ 18 տարեկան աղջիկերը և տղաները գոռում են, որ «իրենք են այս երկրի տերը», մտածում եմ այն ազնիվ ու մի փոքր միամիտ մարդկանց մասին, որոնք 1990-ականներին նույնպես համոզված էին, որ իրենք են իրենց երկրի տերը: Չեմ ուզում տեսնել մարդկանց, որոնց սպասվում է դառը հիասթափություն, քանի որ սկսած 1991 թվականից ՀՀ-ում գործում է տնտեսական համակարգ, որում արտադրության միջոցները և ֆինանսները պատկանում են փոքրամասնությանը, որը պաշտպանված է օրենքով: Քանի դեռ չես գտնվում այդ փոքրաթիվ խմբում, ապա հաստատ դու չես այս երկրի տերը։ Միգուցե տաքսիստը դա գիտակցել է,... ամեն գիշեր, գրկելով բարձը, լաց է լինում՝ հիշելով հին ու բարի ժամանակները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել