Սահմանադրական փոփոխություններ, «էլեկտրական բունտ» տնտեսական կոլապս- ահա այն երեք հիմնական իրողությունները, որոնցով սկսվել է հայաստանյան քաղաքական աշունը և որոնցով պայմանավորված է լինելու առաջիկա քաղաքական գործընթացները: Միևնույն ժամանակ կարող ենք փաստել, որ ներկայումս Հայաստանում գործ ունենք երկու զուգահեռ իրականություններիև դրանցով պայմանավորված գործընթացների հետ: Իրականություն, որում ապրում և որով գործում է հայաստանյան իշխանությունը և իրականություն, որում ապրում է մեր հասարակությունը հասարակությունը: 

Իրականությունը, որը ներկայացնում է իշխանությունը, ավելի շատ նման է իլյուզիայի, որի մեջ փորձում են պահել հասարակությանը և որով փորձում են արդարացվել սեփական գոյությունը:
Մի՞թե իլյուզիա՝ խաբկանք չէ հանգամանքը, երբ համատարած աղքատության, գործազրկության, արտագաղթի, բյուջեի թերկատարման պայմաններում երկրի վարչապետը կարող է հայտարարել 4.4 տոկոս տնտեսական աճի մասին: Այնպիսի տպավորություն է, որ վարչապետի հայտարարությունը նույնիսկ կառավարությունում չեն հավատում, քանզի հայտարարված տնտեսական աճի ֆոնին կարճ ժամանակ անց կառավարության մեկ այլ andam՝ ֆինանսների նախարարը, հայտարարեց, որ տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում անկում է գրանցվել: Չենք առարկում, միգուցե որոշ մարդկանց և անհանտների տնտեսություններում նույնիսկ երկնիշ աճի ցուցանիշներ են գրանցվել, սակայն դրանք, որպես կանոն, չեն անդրադառնում շարքային քաղաքացու և պետական բյուջեի վրա:
Մի՞թե իլյուզիա չէ էլեկտրաէներգիայի սակագնի շուրջ իշխանությունների նախաձեռնած անհասկանալի գործընթացը: Իրականում աուդիտի քողի տակ փորձ է արվում մարել հասարակության բողոքը, դա գոլորշի բաց թողնելու ևս մեկ փորձ է, մինչդեռ նույնիսկ հասարակ քաղաքացին առանց աուդիտի անկացնելու կարող է հստակ մատնանշել, թե ովքեր են մեր երկրում կոռումպանտները, իրենց պաշտոնական դիրքը չարաշահողները, ովքեր են մեր երկրում փողեր յուրացնողները, ովքեր են մեր երկրում օրը ցերեկով մարդ ծեծում, և զուգահեռաբար բարձր պաշտոններ զբաղեցնում:
Հայաստանում կեղծվում են ընտրությունները, բայց բարեփոխում են ոչ թե ընտրական օրինագիրքը, այլ՝ սահմանադրությունը, տնտեսությունը կենտրոնացել է մի քանի օլիգարխների ձեռքում, բայց չեն պայքարում մոնոպոլիաների դեմ, վարկ են վերցնում ու բյուջե լցնում, սակայն խոսում են տնտեսական աճի մասին... սա մի՞թե խաբկանք չէ:
Իրականում մենք այսօր ապրում ենք ներքին և արտաքին այնպիսի մարտահրավերների պայմաններում, որտեղ ինքնախաբեության և իլյուզիաների վրա հիմնված քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնակործանման, պարզապես դա ժամանակի հարց է, ժամանակ, որի ընթացքում մաշվում է նաև պետություն ասվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել