Թվում էր, թե ամբողջ մի կյանք իմն ես լինելու, թվում էր, թե ձեռքերս միշտ ձեռքերիդ ջերմությամբ են տաքանալու, թվում էր, թե շուրթերիդ հպումով էի նորից վերակենդանանալու: Քեզ հետ ապրած յուրաքանչյուր վայրկյանը կարծես մի մղձավանջ լինի, մի աղոտ երազ, ինչպես առավոտյան արթնանում ես, աչքերդ պինդ փակում և փորձում մտաբերել: Մտաբերում եմ, այո՛... Բայց արդեն չեմ կարողանում համոզվել. երա՞զ էր, թե՞ իրականություն... Մի՞թե իրականում հնարավոր էր այդքան «Քեզ» ունենալ: Անգամ վերհիշելով հպումներդ` մարմնովս սարսուռ է անցնում, զգում եմ այն, ինչպես այդ վայրկյանին եմ զգացել: Անգամ պատկերացումից հոտդ եմ զգում, վերապրում եմ այն, ինչ այդ պահին եմ ապրել: Հիշում եմ ամեն մի խոսքդ: Իսկ դեմքդ…ների՛ր, իսկ ինձ այդքան սովոր դեմքդ… աղոտ եմ հիշում…Սևակի պես ՝
Անգամ դեմքդ չեմ հիշում ես...
Ու թե հիշեն՝
Միա՛յն սրանք,
Լոկ ձեռքե՜րըս պիտի հիշեն
Ու վկայեն, որ դու կայի՛ր,
Որ դու եղա՛ր:
Իրո՜ք եղար:
Միայն սրա՛նք պիտի հիշեն
Քո ձևե՛րը,
Մա՛շկը,
Հո՛տը,
Սարսո՛ւռը,-
Քեզ՝ ամբողջովի՜ն...
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն,
Թե եղե՞լ ես դու իմ կյանքում,
Ունեցե՞լ եմ երբևէ քեզ,
Զգացե՞լ եմ քեզ՝ համի պես,
Ապրե՞լ եմ քեզ՝ ցավի նման:
Այս ձեռքե՜րը,
Միայն սրա՛նք,
Սրա՜նք պիտի լոկ վկայեն...
հեղինակ` Sirik Gasparyan
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=464086856967977&set=a.410294182347245.86870.209324585777540&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել