Մի ժամանակ հեռուստատեսությամբ տեղեկանում էինք անհատական կամ խմբակային թունավորման դեպքերի մասին, ասենք՝ ինչ-որ մեկը կամ ընտանիքի անդամներ թունավորված սունկ էին ուտում կամ տնային պայմաններում անհաջող պատրաստված բանջարեղենային պահածո: Հիմա հերթը հասել է կոլեկտիվ թունավորումներին: Արդեն քանի անգամ մանկապարտեզի սաներ են սննդային թունավորումով հայտնվել հիվանդանոցում, մի օր ռեստորանի հարսանքավորներն են հարսանիքից հետո «կոլեկտիվ» հայտնվում հիվանդանոցում ու երևի թե Աստծուն փառք տալիս, որ ժողովրդական ասացվածքը, թե «Ընկերովի մահը հարսանիք է», չիրականացավ, մի օր ինչ-որ մի գյուղում էին ինչ-որ անհայտ սունկ վաճառողից գնած սունկից թունավորվել, երեկ էլ թունավորումն ընդգրկել էր հանրապետության դպրոցներից մեկը, որի թեման հեղեղել էր հեռուստաեթերը. մեկը պնդում էր, թե պատճառը «քաղցր երշիկն է», մեկը թե՝ ալյուրի մեջ աղի փոխարեն շաքարավազ են գցել... Սա ի՞նչ է , դիվերսիա ազգի նկատմա՞մբ (դե պատմության դասագրքերից հայտնի է, թե թշնամին ինչ մեթոդներով կարող է վնասարարություն անել), թե՞ ուղղակի Հայաստան անորակ սնունդ է ներկրվում, ճաշարաններում ու ռեստորաններում էլ պատշաճ հսկողություն չի իրականացվում, մինչև մարդիկ չեն թունավորվում. փոխանակ կանխվեն նման դեպքերը, հետևանքներն են սկսում վերացնել ու մանկապարտեզ, դպրոց, ճաշարան ու ռեստորան փակում, մինչև տեսնեն, թե «հետաքննությունն ինչ պարզեց»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել