Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի կողմից դրսևորվող ակնհայտ լկտի վարքն ու բոլոր միջազգային նորմերի ոտնահարումը հետևանք է նրա, որ մեր ուղղաթիռը խոցելուց հետո իրենց չստացան այն ասիմետրիկ պատասխանը, որի մասին բազմիցս խոսել են թե՛ պաշտպանության նախարարը, թե՛ նախագահը:
Ընդ որում, ասելով ասիմետրիկ հարված՝ ես ի նկատի չունեմ զոհերի թվերի հարաբերակցություն: Գուցե դիակները դուրս հանելու օպերացիայի ժամանակ մերոնք 10 անգամ ավելիի շատ թշնամի են սպանել, քան ուղղաթիռի զոհված անձնակազմն էր, բայց դա ասիմետրիկ հարված չէր:
Ասիմետրիկ հարված կլիներ, եթե, ասենք, հրետանային հուժկու հարված հասցվեր սահմանամերձ գոտում գտնվող ինչ-որ ստրատեգիական թիրախի, ասենք՝ զորամասի կամ էլ այլ կարևոր թիրախի: Ասիմետրիկ կլիներ, եթե շփման գծի ինչ-որ հատվածում մենք գրավեինք հակառակորդի դիրքերն ու ամրանայինք դրանցում: Ասիմետրիկ հարված կլիներ, եթե մենք մի քանի օդային թիրախ խոցեինք իրենց տարածքում: Ասիմետրիկ հարված կլիներ, եթե հրթիռակոծեինք դրանց նավթամուղը:
Սակայն մենք ոչ մի բան էլ չարեցինք, ու ստացվեց, որ բլեֆ ենք անում, ինչից էլ հակառակորդը վերջնականապես հղփացավ ու առ այսօր իրեն պահում է՝ ինչպես կամենա՝ հաշվի չնստելով զոհերի հետ: Նա կարող է իրեն դա թույլ տալ, քանի որ գաղտնի է պահում զոհերի թիվը, իսկ մեզ համար դա անթույլատրելի շռայլություն է՝ թույլ տալ թշնամուն, որպեսզի նա կորցնի վախը: Այնպես որ, այս լարվածությունից դուրս գալու միակ ձևը սարսափելի ու ցուցադրական ինչ-որ գործողություն պետք է լինի, որն Ադրբեջանը չի կարողանա թաքցնել իր հասարակությունից: Մինչև նման բան չարվի, դրանք հա էլ դիվերսիաներ են անելու, ու մեր տասնյակ տղաներ զոհվելու են զուտ նրա համար, որ մենք չդրսևորեցինք բավարար վճռականություն: