Դիանա Մարտիրոսյան

Դիանա Մարտիրոսյան
 

Լավ է, որ Դավիթ Բաբախանյանի նոր «Հյուսիս-Հարավ» կատակերգությունում չկա Հովհաննես Ազոյանը, որովհետև այս ֆիլմը հեշտ կարելի է շփոթել ռեժիսորի նախկին ֆիլմերի հետ։ Բանն այն է, որ ռեժիսորի բոլոր ֆիլմերը շատ նման են իրար։ Այս անգամ Ազոյանի փոխարեն կա մեկ այլ ցածրահասակ, քիչ մը պակաս գանգրահեր գլխավոր հերոս՝ Նվերը (Դավիթ Թովմասյան), որը հավանաբար ամենահամահունչ դերասան-հերոս տանդեմն է։ Սակայն «Շարմ» փրոդաքշընը վատ սովորություն ունի. խառնել կինեմատոգրաֆը հոլովակային ժանրի հետ։ Այս հերթական երևանյան պսեվդոկոլորիտով ֆիլմն իսպառ զրկված է ուրբանիստական հմայքից։ Գովելի է, որ մեզ՝ նոր սերնդիս հիշեցնում են կուլտային երգ («Երջանկության արցունքները»), սակայն շեղում է արհեստական ռետրո մթնոլորտը, որը ստեղծում է Էդի (Սոս Ջանիբեկյան) նվագախումբն իր հագուկապով, երգացանկով ու հին «Վոլգայով», Ինգա-Անուշ կամեոյով և, օգտագործելով հենց այս ֆիլմի պաստառները, հենց այս ֆիլմում։ Դա շեղում է՝ կարծես անընդհատ հիշեցնում են հանդիսատեսին, որ վերջինս դիտում է ֆիլմ, և չեն թողնում տեղափոխվել էկրանից այն կողմ։ Հետևաբար ստացվում է հերթական մեկ անգամյա օգտագործման շարմագույն «կինոկատակերգությունը»։ «Կինոկատակերգություն» տերմինն արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս. ո՞ւմ է պետք ավելորդ «կինո» բառը։ «Հյուսիս-Հարավը»-ը մեծ հաշվով իրադրության կատակերգություն է՝ համեմված գեգերով (կատակերգական հնարք, որի հիմքում ընկած է ակնհայտ անհեթեթություն)։ Նվերը (Դավիթ Թովմասյանը) հրավիրվում է ոչ այնքան կապույտ արյուն ունեցող, գրոտեսկային օլիգարխի (Մկրտիչ Արզումանյան) առանձնատուն՝ վերջինիս կենդանիներին տիրություն անելու։ Ճերմակակոստ օլիգարխի կերպարը մենք բազմիցս տեսել ենք կարգինհաղորդումատիպ և յոթուկեսախառը նախագծերում՝ անձամբ Մկրտիչ Արզումանյանի կատարմամբ։ Հետևաբար Արզումանյանը հերթական անգամ ներկայացնում է իր գռոտեսկային ու սատիրիկ տասնյակ հաջողված կերպարներից երևի թե ամենաստացվածը, հետևաբար՝ ամենապոպուլյարն ու ամենատշածը։ Հետաքրքիր է՝ կենդանիներ պահող ու ճերմակ կոստյումները կարմիր շապիկի հետ համադրող օլիգարխի կերպարն ունի՞ իրական պրոտոտիպ, թե՝ ոչ։ Ամեն դեպքում, այն շատ ուժեղ հիշեցնում է ոմն մեկին։

Այս բռոմեդիան (տղաների ընկերության մասին պատմող կատակերգություն, անգլերեն bro + comedy բառերից) պտտվում է Նվերի (Թովմասյանի) կերպարի շուրջ, որը «կինոյի միջի անհաջողակն է» և ունի հիմար իրավիճակների մեջ ընկնելու մեծ տաղանդ։ Նրա մյուս ընկերները (Միքայել Աբրահամյանը, Հայկ Մարգարյանն ու վերոհիշյալ Սոս Ջանիբեկյանը) միշտ նրա կողքին են, պատրաստ են անհապաղ հասնել օգնության ու լուծում գտնել ամենաբարդ իրավիճակներին։ Որոշ զվարճալի տեսարաններ հստակ հիշեցնում են կոնկրետ կոմիկական իրավիճակներ։ Ամենահամեղ ու չգռեհիկ իրավիճակներից մեկը՝ Սփանջ Բոբենց հետ կռիվը, միանշանակ վերցված է համացանցում մեծ տարածում գտած հոլովակից, որտեղ հեքիաթային հերոսների կոստյումներով մարդիկ ծեծկռտուքի մեջ են ընկնում պատահական անցորդի հետ։ Իսկ հիմնական լեյտմոտիվը չի կարող չհիշեցնել Ռոբ Շնայդերի «Կանչով տղամարդը»/«Мужчина по вызову» ոչ անհայտ կատակերգությունը։ Բազում հալյուցինացիները, որոնք Թովմասյանի կերպարի անբաժան մասն են կազմում, հիմնված են ոչ այդքան որակյալ ու գրաֆիկապես շատ անիրական ստեղծած հատուկ էֆեկտների միջոցով։ Թերևս, ամենազվարճալին դա «300 սպարտացիները» ֆիլմի ցիտատն է, որն իբրև դեսերտ ֆիլմի հեղինակները թողել են ամենավերջում։ Ընդհանուր առմամբ ֆիլմը կգոհացնի լայն հանդիսատեսին, որն ավելի շուտ նախընտրում է Զաք Գալիֆիանակիսի իրավիճակային ֆիլմերը, այլ ոչ Վուդի Ալենի նեղ լսարանի համար ստեղծած հումորը։ 

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել