Էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ սկանդալից հետո որոշվել էր «Հայ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում անցկացնել աուդիտ, իսկ ՀԾԿՀ-ում՝ խորհրդատվական ծառայություն:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, թե ինչ փուլում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվող խորհրդատվության ընթացքը` էլէներգիայի սակագնի թանկացման հիմնավորումների վերաբերյալ։
Նա մասնավորապես նշել է, որ «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունն արդեն ձեռնամուխ է եղել աշխատանքներին։
Փոխվարչապետի փոխանցմամբ երկու օր առաջ ՀԾԿՀ-ի մասնագետների և կարգավորող ընկերությունների հետ տեղի են ունեցել հանդիպումներ:
Աշխատանքները բաժանված են երեք փուլի, որոնք միասին կավարտվեն նոյեմբեր ամսին:
Առաջին փուլում տրվելու է ամբողջ արտադրական շղթայի վերլուծություն՝ սկսած արտադրողից մինչև սպառող 2010-2015թթ-ի համար։ Բացի դա, իրականացվելու է նաև ՀԾԿՀ-ի կողմից սահմանվող սակագների ձևավորման գործընթացի վերլուծություն:
Պետք է նշել նաև, որ նոր սակագնի ճշտության հիմնավորումը կլինի աշխատանքների առաջին փուլում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի վերջ: Բացի դա, նշված ժամկետում կունենանք սակագների փոփոխության հիմնավորվածության վերաբերյալ ՀԾԿՀ-ի գործողությունների գնահատում և սակագնի չբարձրացման հետևանքների գնահատում:
Նշենք նաև, որ ՓՄՁ-ին սակագնի փոխհատուցման ծավալների ճշգրտման վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի կլինի մինչև շաբաթվա վերջ: Այս մասին նիստի ժամանակ ասել է Երվանդ Զախարյանը:
Այսինքն՝ այս գործընթացի վերաբերյալ մինչև ամսվա վերջ որոշակի տեղեկատվություն կլինի: