Վերջին օրերին, հատկապես «Ժողովուրդ» թերթում պարբերաբար հրապարակվում են Հայաստանի մի շարք դատավորների կողմից ներկայացված եկամուտների և ունեցվածքի մասին հաշվետվություններ, որոնցից ակնհայտորեն կոռուպցիոն գարշահոտ է փչում:
Նույնիսկ առաջին դասարանցին ձեզ կասի, որ չի կարող տարեկան 15.000 դոլար աշխատավարձ ստացող դատավորը հայտարարագրի այդպիսի ունեցվածք, նույնիսկ գործազուրկ կանանց առկայության պարագայում: Նույնիսկ ծծկեր երեխան կգվգվա, որ Հայաստանում հենց այնպես տասնյակ հազարավոր դոլարներ նվեր չեն տալիս, բայց այս հաշվետվություններից բխում է ճիշտ հակառակը:
Հիմա հարց մեր իրավապահներին.
- Վերջին մի քանի օրերին, պարզվեց, որ առնվազն երկու դատավոր անցած տարի ստացել են տասնյակ հազար դոլարների գումար՝ որպես նվեր: Արդյո՞ք դրա մեջ որևէ հիմք չեք տեսնում՝ քննություն սկսելու համար: Մասնավորապես, չե՞ք կարծում, որ կարիք կա պարզելու, թե կոնկրետ ովքեր են նման շռայլ նվեր արել, ու արդյո՞ք այդ առատաձեռն բարեգործները որևէ կապ են ունեցել տվյալ դատավորների նախագահությամբ ընթացող վարույթների հետ, և ի՞նչ դատավճիռներ են կայացրել այդ դատավորներն այդ վարույթներում:
Հարց իրավապահներին ու հարկայինին.
- Երեկ պարզվեց, որ 33-ամյա մի կին դատավոր, կարելի է ասել, դոլարային միլիոնատեր է: Որևէ հարց չի՞ ծագում, թե որտեղից նրան այդքան անշարժ գույք, մեքենաներ ու դրամական միջոցներ: Դրանց ո՞ր մասն է գոյացել արդեն դատավոր աշխատելու ընթացքում ու ի՞նչ աղբյուրներով: Եվ որ պակաս կարևոր չէ՝ որքա՞ն հարկ է վճարել սույն տիկինը: