Պատկերացրեք մի աշխարհ, որում հետերոսեքսուալները փոքրամասնություն են... Ուր դարեր ի վեր ընդունված է ընտանիք կազմել բացառապես նույն սեռի ներկայացուցչի հետ: Էդ աշխարհ եք գալիս Դուք՝ աշխարհի ամենահետերոսեքսուալ տղեն: Դեռ փոքր տարիքից սկսում եք հասկանալ, որ աղջիկները Ձեզ դզում են... Սկզբից վախենում եք ինքներդ Ձեզ նույնիսկ խոստովանել, որ դա այդպես է, քանի որ գիտեք, որ դա նորմալ չէ, որ Ձեր ծնողների համար դա ամենամեծ դժբախտությունն ա լինելու, որ իրենք միշտ ուզել են, որ Դուք Ձեզ մի լավ տղա գտնեք ու երջանիկ, սովորական միասեռական ընտանիքով ապրեք... Ձեր ընկերները նույնպես չեն ընդունի Ձեր այդ տարօրինակ նախասիրությունը՝ Ո՞ՆՑ կարելի ա աշխարհի բոլոր տղաներին թողած՝ ինչ-որ աղջիկ հավանել... Դուք մի աղջկա եք սիրահարված... Շատ գեղեցիկ, բարի, յուրահատուկ աղջիկ է, ով նույնպես լեսբի չէ... Սկսում եք հանդիպել... Թաքնվում եք բոլորից, քանի որ աղջկա ծնողները նույնպես հարս են ուզում տուն բերել, ոչ թե ինչ-որ անթրաշ փեսա... Դուք կանգնած եք բարդ ընտրության առաջ. կամ զոռով տղու հետ ապրել զզվելով, բայց որ դա լինի նորմալ, կամ ողջ կյանքն ապրել վտարանդու կյանքով, կորցնել ընտանիքն ու ընկերներին, բայց լինել երջանիկ՝ ապրելով նրա հետ, ում իսկապես սիրում ես... Իսկ ինչո՞ւ եք կանգնած էդ ընտրության առաջ... Որովհետև հասարակության 90%-ը զզվանք ա ապրում, երբ տեսնում ա, որ տղա-աղջիկ համբուրվում են, տղա-տղան ա ճիշտ կամ աղջիկ-աղջիկը, որովհետև իրենք չեն ուզում ընդունել, որ իրենց ասած «նորմալը» Ձեզ համար ամենաաննորմալ ու անընդունելի բանն ա, որովհետև այդպես է եղել դարեր ի վեր, ու դրանք են ընդունված ավանդույթները...
Հ.Գ. էսօր մի պոստ տեսա, որում Արսեն Օհանյան-ը գրում էր այն մասին, որ ժամանակին հոմոֆոբ է եղել, բայց հիմա վերանայել է իր հայացքները... Ու ես էլ ժամանակին ահավոր հոմոֆոբ էի, բայց հետո կարդացի մի քիչ, ուսումնասիրեցի, վերաիմաստավորեցի որոշ բաներ ու հասկացա, որ ամեն մարդ իրավունք ունի լինել երջանիկ, ու ես չեմ ուզում իմ պատկերացումները կապել իրենց վզին... Զզվո՞ւմ եմ արդյոք՝ իհարկե: Կինոման լինելով հանդերձ՝ մի քանի ՕՍԿԱՐ ստացած «Горбатая гора» ֆիլմը չեմ կարողացել նայել, քանի որ այնտեղ տղաներ են համբուրվում... Որ փողոցում տեսնեմ, կզզվե՞մ՝ իհարկե: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ իրենք պետք է դա հաշվի առնեն: Կարծում եմ՝ ոչ: Իրենք պարտավոր չեն անել այնպես, որ ես միայն ու միայն հաճույք ստանամ ինձ շրջապատող ամեն ինչից, այն էլ սեփական երջանկության գնով... Ես ուղղակի չեմ նայի այդ կողմ, եթե տեսնեմ էլ, թեկուզ և անդուր կլինի, բայց կհասկանամ, որ դա իմ ընկալումն է ու իմ խնդիրը, իրենք մեղավոր չեն: