Sputnik.co.am-ը գրում է.
Աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրի որդին` Միշա Ազնավուրը, Երևանում RunArm 2015 վազքի միջազգային կիսամարաթոնին մասնակցելու ցանկություն է հայտնել, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։ RunArm 2015 վազքի առաջին միջազգային կիսամարաթոնը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 3–ին։ Նպատակը առողջ կենսակերպի և երկրում սպորտային զբոսաշրջության զարգացման քարոզչությունն է։ «Ինձ շատ հաճելի է, որ գալիք կիսամարաթոնի մասին հայտարարությանը միանգամից արձագանքել են շատ մարդիկ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում։ Մասնավորապես, կիսամարաթոնին ցանկացել են մասնակցել հայկական ծագումով անվանի ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկայեֆը եղբոր հետ, ինչպես նաև մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի որդին` Միշա Ազնավուրը»,– նշեց Էմմիյանը։
Նա նշեց, որ կիսամարաթոնի անցկացումը շատ կարևոր է Հայաստանի համար ինչպես առողջ կենսակերպի զանգվածային քարոզչության, այնպես էլ երկրում զբոսաշրջության զարգացման առումով։ «Ես կցանկանայի, որ նման միջոցառումները շարունակական բնույթ ունենան։ Այդպիսի միջոցառումներ պետ է կազմակերպել Հայաստանի բոլոր մարզերում»,– ասաց Էմմիյանը։ Երևանի միջազգային կիսամարաթոնը և մյուս վազքարշավները կազմակերպվում են պետական ծրագրի շրջանակում՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո: Միջոցառման պաշտոնական կազմակերպիչն է ՌԱՆԱՐՄ ընկերությունը՝ ՀԱՖ-ի նախագահ Ռոբերտ Էմմիյանի ղեկավարությամբ:
Միջոցառման կազմակերպմանն իրենց աջակցությունն են բերել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, չարտերային թռիչքներ իրականացնող միջազգային ՊրոՍկայ ընկերությունը, Ռենո Արմենիան, Արմենիա Մարիոթ հյուրանոցը, Օրանժ Արմենիան, Ջերմուկ գրուպը, ինչպես նաև Սիքստ ընկերությունը և Գրանթ Թորնթոնը: Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են նաև Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան (IAAF) և Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիան (AIMS): ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին: