Երեկ համառոտ ներկայացրել էինք ադրբեջանական իրազեկ կայքերից մեկում հրապարակված «Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի ԱԳՆ-ում» հոդվածի բովանդակությունը: Այսօր նույն կայքը հրապարակել է «Թուրան» գործակալության հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, որ Ադրբեջանի ԱԳՆ ևս մեկ աշխատակից` Սուբխանվերդիևը, անցել է ընդդիմության կողմը: Նախորդ դիվանագետը` Անար Հասանովը, Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանությունից հեռացվել էր այն պատճառով, որ հրապարակել էր դիվանագիտական ներկայացուցչությունում տեղ գտած կոռուպցիայի և կեղծիքի փաստերը: Սակայն դա միակ պատճառը չի եղել:
Հասանովի և մյուս դիվանագետների վրա գործադրվող ճնշումը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք «լայքել» են շնորհազուրկ դիվանագետ Արիֆ Մամեդովի հայտնի հոդվածը, որտեղ խստորեն քննադատվել են Ադրբեջանի իշխանությունները: Դիվանագետներից պահանջել են գրավոր բացատրություն տալ և հանդես գալ Արիֆ Մամեդովի դեմ: Մերժում ստանալով՝ դիվանագետներին սկսել են հետապնդել, հաղորդել է «Թուրանը»: Ավստրալիայի դեսպանությունից հեռացված առաջին աշխատակիցը եղել է Ֆարիդ Սուբխանվերդիևը, հայտնել է «Թուրանի» աղբյուրը: Հետո հասել է Անար Հասանովի հերթը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից այս դիվանագետների ճակատագրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու փորձերն արդյունք չեն տվել: Անկասկած, դիվանագիտական այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի, մանավանդ, որ ադրբեջանցի մի քանի քաղաքագետներ ԱԳՆ նախարար Մամեդյարովին խորհուրդ են տվել հրաժարվել իր պաշտոնից: