Ապագան պատկերացնելը շատ դժվար է, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե վաղվա օրը մեզ համար ինչպիսի անակնկալներ է պատրաստել: Ներկայում տեղի ունեցող իրադարձություններից ելնելով՝ ապագան ես պատկերացնում եմ մշուշոտ և անիմանալի: Հիմա աշխարհում խաղաղություն պահպանելը բավականին բարդ խնդիր է, իսկ այս պայմաններում ապագան ոչ մի լավ բան չի խոստանում:

…Իսկ մեր հայրենիքում, որտեղ անկախությունից հետո միայն ճգնաժամեր, աշխատատեղերի բացակայություն, անվերջանալի  արտագաղթեր են, ապագան պատկերանում է մռայլ, մութ և ոչ մի լավ բան չխոստացող: Այս տասը տարիների ընթացքում մեր կառավարությունը և իշխանությունները ցույց տվեցին, որ իրենք անկարող են կառավարել երկիրը: Նրանք անկարող եղան արդյունավետ օգտագործել շուրջ յոթ տասնամյակ երազած ազատությունը, որն իրենց վրա թափվեց այնպես, ինչպես «առատության եղջյուրից»: Ճիշտ է՝ ոտքի կանգնեցնել քայքայված տնտեսությունը, արդյունաբերությունը շատ դժվար է, և երկար տարիների ծանր աշխատանք և ֆինանսական ներդրումներ է պահանջում, բայց հանրապետության ղեկավար պաշտոնները զբաղեցրել են այնպիսի մարդիկ, որոնք քաղաքականությամբ զբաղվելու բավարար ընդունակություններ չունեն և անկարող են լուծել այս կարևորագույն հարցերը: Նրանցից շատերը դատապարտում են այն մարդկանց, որոնք ողջ ընտանիքով լքում են Հայաստանը և արտագաղթում՝ մի կտոր հաց գտնելու հույսով: Բայց մի՞թե նրանք հնարավորություն են ընձեռնում այստեղ աշխատելու, և մենք գնում ենք: Ինձ թվում է, որ այս պետությունում ապագա չկա և չի կարող լինել մինչև այն օրը, երբ երկիրը չղեկավարեն հայրենանվեր, ոչ միայն իրենց անձի մասին հոգացող մարդիկ:
Մեր Հայաստանը, որը համարվում է աշխարհի հնագույն, քաղաքակիրթ պետություններից մեկը, կարողացել է գոյատևել մի քանի հազարամյակ, պահպանել իր մշակույթը, կրոնը, գիրն ու գրականությունը, հիմա գտնվում է անմխիթար դրության մեջ: Ներկայիս Հայաստանին կարելի է միայն պատմահայր Մովսես Խորենացու բառերով ասել. «Ողբամ զքեզ, հայոց աշխարհ…»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել