100 տարի առաջ քրդերն Օսմանյան Թուրքիային մատուցած ծառայությունների դիմաց՝ այն էր՝ Հայոց եղեռնին անմիջական մասնակցությունը, այսօր Թուրքիայից պահանջում են իրենց խոստացված հայրենիքը: Ի դեպ, հայրենիք, որի մի մասն Արևմտյան Հայաստանի հողերն են ներառում:
Չնայած այն բանին, որ Հայաստանում ինֆորմացիոն հոսքը Թուրքիայից բավականին ժլատ է, 21-րդ դարում այդքան էլ դժվար չի հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին: Չնայած այն բանի, որ արբանյակային հեռառարձակմամբ հեռուստաալիքների մեծ մասը հակված է ներկայացնելու պաշտոնական Թուրքիայի կողմից վերահսկվող տեղեկատվությունը, կան ալիքներ և համացանցում հասանելի մամուլ, որ ներկայացնում են նաև քրդական տեսակետները: Ի վերջո, համադրման արդյունքում կարելի է մոտավոր պատկերը ստանալ: Եթե Թուրքիայի հյուսիսային շրջաններում կյանքն ընթանում է սովորական հունով, հարավարևելյան հատվածում կոնկրետ պատերազմական իրավիճակ է: Եթե մինչ օրս PKK-ն պայքարում էր Թուրքիայի հատուկ ջոկատայինների դեմ, ապա արդեն երկու օր է՝ Թուրքիայի թուրք քաղաքացիները կանգնել են ոստիկանների և զինվորների կողքին: Այն քաղաքներում, որտեղ քուրդ և թուրք ազգաբնակչությունը քանակապես հավասար են, թուրքերը, ոչ իհարկե առանց պետական մարմինների աջակցության, սկսել են քարուքանդ անել քրդերին պատկանող կուսակցական գրասենյակները; Կարելի է ասել, որ քաղաքացիական պատերազմի նախադրյալներն արդեն իսկ ակնառու են: Այս զարգացումները շատ վտանգավոր միտում ունեն, քանի որ օր օրի պայքարի աշխարհագրությունն ընդլայնվում է: Բացառվում է, որ քրդերը գործեն առանց կոնկրետ գերհզոր երկրների հովանավորության, քանի որ նրանց գործողությունները շատ գրագետ են և ղեկավարվում են արհեստավարժ կենտրոնից: Եթե գերհզորները ցանկանում են Թուրքիային մեսիջներ ուղարկել, ապա իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից։ Եթե անգամ PKK-ի ղեկավարությունը հստակ գիտի իր առաջ դրած խնդիրը և հարկ եղած դեպքում կարող է գործողությունները դադարացնել, քաղաքացիական պատերազմի դեպքում քուրդ-թուրքական բախումները կանխելն անասելի դժվար կլինի: Զինադադարը խախտված է, և Թուրքիայում ապրող ամենամեծաքանակ երկու ազգերը մտնում են միմյանց հանդեպ հարաբերությունները ճշտելու նոր փուլ: Կարժանանա՞ արդյոք Թուրքիան արաբական մի շարք երկրների ճակատագրին՝ այսօր դժվար է ասել, բայց այն, որ այս բախումները կրելու են երկարատև բնույթ՝ այլևս փաստ է: Թուրքիան երբեք չի համակերպվի իր տարածքների վրա քրդական ինքնավարությանը, ուր մնաց թե անկախ քրդական պետության ձևավորմանը: Ակնհայտ է Թուրքիայի պետական ապարատի մարդատյաց քաղաքականությունը և այն, որ քրդերին ճնշելու համար նրանք բացառապես ամեն բանի պատրաստ են, և նրանց համար «խաղաղ բնակիչ» ասվածը գոյություն չունեցող տերմին է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/garik.petrosyan.7/posts/852945418120339
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել