«Ես դիետա եմ պահում». ամեն անգամ ասում էի, որոշում էի, տրամադրվում, չէի ուտում, բայց դա տևում էր ընդամենը մի քանի օր, իսկ գլխավոր պատճառն այն էր, որ չունեի կամքի ուժ, և երբ տեսնում էի իմ սիրելի շոկոլադը, մոռանում էի ամեն ինչի մասին: Գիտեմ՝ ծանոթ իրավիրճակ է, բայց ամեն ինչ փոխվեց, երբ ծանոթացա մի քանի աղջիկների հետ, ովքեր մարզված էին և ունեին մարմնի գեղեցիկ կառուցվածք, կարող եմ ասել՝ հենց նրանք էլ դարձան իմ մոտիվացիան:

Ի դեպ, ես Աննան եմ, ով մեկ ամիս առաջ կշռում էր 83.5 կգ, իսկ հիմա արդեն՝ 79 կգ: Ես պարզապես որոշել եմ հասնել իմ մարմնի ցանկալի կառուցվածքին, իսկ դա ինձ համար 65 կգ-ն է, չնայած հասակս 1.68 մ է: Այսպես, որոշել եմ իմ սեփական փորձով կիսվել, թե ինչպես է ինձ հաջողվում նիհարել, կպատմեմ իմ սննդակարգի, ինչպես նաև բոլոր դժվարությունների մասին, որոնց հանդիպում եմ այս ընթացքում. գուցե ընթերցողներից մեկն էլ կոգևորվի և այս ճանապարհը կորոշի անցնել ինձ հետ: 

Սկզբում ուզում եմ գրել մի քանի կետերի մասին, որոնք ինձ համար կարևոր են, և որոնք ես համարում եմ ճիշտ.

  1. Յուրաքանչյուր մարդ, ով որոշում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, նախ պետք է իր համար նպատակ դնի, քանի որ երբ ունենում ես նպատակ, ամեն ինչ անում ես դրան հասնելու համար:
  2. Մի հավատացեք այն ամենին, ինչ գրում են ինտերնետում, իբր կարող եք մեկ շաբաթում կորցնել հինգ կիլոգրամ քաշ, մի հավատացեք այն ֆիթնես-դիետաներին, որ հաճախ հանդիպում ենք համացանցում։
  3. Սոված մնալով՝ արդյունքի չեք հասնի: Միևնույն է, հենց սկսեք ուտել, նախատեսվածից ավելի շատ եք ուտելու։
  4. Դեղեր մի խմեք, դրանք միանշանակ բացասաբար են ազդելու Ձեր օրգանիզմի վրա, որքան էլ որ այդ պահին օգնեն։
  5. Նիհարեք դանդաղ, արագ նիհարելու դեպքում կորցրած կիլոգրամները կարող եք նույնքան արագ վերականգնել:
  6. Մի մոռացեք ջրի մասին, աշխատեք օրվա ընթացքում գոնե 1լ ջուր խմել։
  7. Առողջ սննդակարգը և մարզասրահ հաճախելը հաջողության հասնելու լավագույն միջոցներն են:
  8. Եթե սկսնակ եք, գոնե առաջին մեկ ամիսն անհրաժեշտ է մարզվել միայն մարզչի խորհուրդով և անել միայն այն վարժությունները, որոնք նա կասի:
  9. Աշխատեք դիմանալ առաջին շաբաթը, իսկ հետո ավելի հեշտ կլինի։
  10. Յուրաքանչյուր առավոտ կշռվեք։
  11. Աշխատեք Ձեր սնունդը սիրով պատրաստել և գեղեցիկ զարդարել Ձեր ափսեի մեջ։

Հիմա հերթը սննդակարգինն է, իհարկե, ոչ ոքի համար նորություն չեմ ասի, եթե ասեմ, որ պետք է ուտել ավելի շատ սպիտակուցներ, գրեթե ամեն ինչ պետք է ուտել խաշած վիճակում, առանց աղի, քիչ չափաբաժնով և կարևորը՝ կոնկրետ գրաֆիկով: Ես արթնանում եմ առավոտյան ժամը վեցին, խմում եմ մեկ բաժակ ջուր, իսկ կես ժամ հետո նախաճաշում:

Նախաճաշ

1 հատ ձու (կարող է լինել նաև խաշած)

4 կտոր տապակած սմբուկ

10:00-ին, երբ ես հասնում եմ աշխատավայր, պարտադիր ուտում եմ մեկ հատ կանաչ խնձոր, իսկ սեղանիս միշտ ջուր եմ դնում, որ անընդհատ խմեմ:

13:00

50 գրամ հնդկաձավար

Կես չափաբաժին բրոկոլիով ձվաձեղ

Մեկ գդալի չափով վարունգ-լոլիկով աղցան

18:00

Այն օրերին, երբ ես պետք է մարզասրահ գնամ, ես ուտում եմ ավելի շատ չափաբաժնով սնունդ, դա ինձ օգնում է ուժ հավաքել և ավելի լավ մարզվել, քանի որ, միևնույն է, այդ կալորիաները կորցնում եմ մարզասրահում: 

50 գրամ բրինձ

Մեկ փոքր կտոր խաշած տավարի միս

Մի քանի հատ տապակած դդմիկ

Ես շարունակում եմ նիհարել և ամեն անգամ ոգևորվում են այն մարդկանց խոսքերից, ովքեր իմ կազմվածքում տարբերություն են տեսնում, անգամ ուրախանում եմ, երբ աշխատանքի վայրում հարցնում են՝ այս անգամ ի՞նչ ես ուտելու: Հիմա ինձ սկսել է շատ ավելի դուր գալ իմ ապրելակերպը, և հավատո՞ւմ եք՝ ամեն անգամ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ է գալու մարզասրահ հաճախելու օրը: Դուք էլ կիսվեք ձեր կորցրած կալորիաներով, իսկ թե հարցեր կունենաք, մեկնաբանությունների բաժինը հենց դրա համար է:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել