Tert.am-ը գրում է.
Հանրապետության նախագահը՝ որպես պետական շահերի սպասարկող, ղեկավար, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն է (ՀԱՊԿ) ներկայացնելու սահմանային դրությունը՝ ակնկալելով գործընկերներից դաշնակցային պարտավորությունների իրականացում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը:
Սեպտեմբերի 15-ին Դուշամբեում կայանալիք գագաթաժողովից, որտեղ, ինչպես հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինքն անձամբ բարձրացնելու է վերջին օրերին սահմանային լարվածության հարցերը, Հայաստանի ակնկալիքները, Շարմազանովի խոսքով, չեն սահմանափակվում ռազմական օգնությամբ:
«Ռազմական օգնությունն ամենավերջին փուլն է: Դաշնակցային պարտավորությունները ենթադրում են քաղաքական հայտարարություններ, քննադատություն՝ հարցի լուծման ոչ քաղաքական մեթոդներին: Հանրապետության նախագահը ՀԱՊԿ մեր գործընկերներին կներկայացնի իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում»,- ընդգծեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարը:
Նա նշեց, թե կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ Նախագահը հայտնի իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:
Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի ղեկավարները բազմիցս նշել են, որ հարկ եղած դեպքում ՌԴ-ն ամբողջ ծավալով կիրականացնի իր վրա դրված դաշնակցային պարտավորությունները: Այնուամենայնիվ, Շարմազանովն ասաց, որ Հայաստանի համար անվտանգության առաջին երաշխիքը մեր Զինված ուժերն են։
«Մարտահրավերներով լի աշխարհում կարևոր է լինել այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և դա արդարացված է: Շատ դեպքերում անվտանգությանը վերաբերող հարցեր քննարկվում են ոչ միայն խորհրդարանական վեհաժողովում, այլև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը»:
Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ հավաքի ժամանակ էլ ՀՀ Նախագահը հստակ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ-ն բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է։ Միաժամանակ նա ներկայացրել է այն փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են իրականացնում դաշնակցի՝ իրենց վրա դրված պարտավորությունները։ «Խոսքը ոչ միայն ռազմական օժանդակության մասին է, այլ նախ և առաջ գնահատականների, որոնք հակասում են բանակցային պրոցեսում ընդունված սկզբունքներին»,– ասաց նա:
Հարցին՝ ՀԱՊԿ-ի կողմից խախտումներն արձանագրելու հանգամանքը զսպելո՞ւ է այդ կառույցը Ադրբեջանի հետագա սադրիչ գործողությունները, Էդուարդ Շարմազանովը դրական պատասխան տվեց:
«Միանշանակ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա ավանտյուրայի և կդիմի լայնածավալ պատերազմական գործողությունների: Նրանք կփորձեն լարվածության մեջ պահել իրավիճակը, որովհետև տնտեսական անկում են գրանցում, Ալիևի կլանի քաղաքականությունից կա դժգոհություն, նրանք միջազգային հանրության թիրախում են, առջևում նախագահական ընտրություններ են, որոնցից հանրության ուշադրությունը պետք է շեղվի: Ամեն դեպքում, մենք ՀԱՊԿ անդամ պետություններից պետք է ակնկալենք դաշնակցային պարտավորությունների իրականացում»,– ասաց նա:



