Ցանկանում եմ շատ կարճ մեկնաբանել և մանրամասնել մարզադաշտում տեղի ունեցածը։ 
2009 թվականից սկսած՝ ամեն բան արել եմ, որպեսզի ներկա գտնվեմ մեր հավաքականի բոլոր հանդիպումներին, որոնք տեղի են ունենում Երևանում։ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպումը հերթական հանդիպումն էր, որին պետք է մասնակցեի ես։ 
Նախօրդ հանդիպմանը՝ Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ, անցկացրել եմ քաղաքական ակցիա։ Քանի որ ակցիան հաջողությամբ էր ավարտվել, հետևաբար այն կրկնելու կարիք չունեի։ Նաև Առաջին լրատվականին տված հարցրազրույցում նշել եմ, որ այլևս Հայաստանում նման բան չեմ անելու։ 
Երեկ գնացինք մարզադաշտ ես և ընկերներս։ Սարսափելի վերահսկողություն էր մեզ վրա։ Ոստիկանական բազմաթիվ շարքեր էին տեղակայված մարզադաշտում։
Դեռ հանդիպումը չսկսված՝ մեզ մոտեցավ ՀՖՖ նախագահը և ասեց, որ ցած իջնեմ։ Իջա, մի քանի րոպե զրուցեցինք։ Զգուշացնում էր ինձ, որ չկրկնեմ նախորդ անգամվա իմ ակցիան, զգուշացնում էր սև ցուցակի և պատժամիջոցների մասին։ Եթե ես ունենայի ցանկություն կրկնել ակցիան, ապա ինձ համար էական չէին լինի ոչ մեկի կողմից զգուշացումները։ Բայց քանի որ ես մտադրություն չունեի ներխուժել դաշտ, հետևաբար իմ և ՀՖՖ նախագահի միջև եղած խոսակցությունը նորմալ ավարտ ունեցավ, և ես իրեն տեղեկացրեցի, որ նման մտադրություն չունեմ։
Առաջին խաղակեսն անցկացրեցինք՝ երկրպագելով մեր հավաքականին ոստիկանության համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկաններով շրջապատված։ Համակերպվեցինք այն մտքի հետ, որ պետք է ուշադրության տակ պահեն մեզ։ Երբ ընդմիջումը սկսվեց, որոշեցինք գնալ հյութ գնելու։ Երբ տեղաշարժվեցինք, մեր հետևից սկսեցին գալ 4 համազգեստով ոստիկան և 4 քաղաքացի, ովքեր, ըստ Օսիպյանի, ոստիկան էին և կատարում էին գաղտնի հանձնարարություն։ Անդադար հետապնդում էին ամբողջ մարզադաշտում։ Երբ հասանք այն կետին, որտեղ վաճառում էին հյութեր, այդ հատվածի կարգադրիչն ինձ և ընկերոջս հրեց և փակեց դարպասը՝ արգելելով այդտեղ մտնել։ Ասեց, որ մենք ուրիշ տեղից պիտի գնենք։ Իսկ այդ ուրիշ տեղից մեզ ասում էին, որ այնտեղից պիտի գնենք, որտեղից որ եկել ենք։ Եվ այդպես, այսկողմ-այնկողմ գնալով, 15 րոպեում չկարողացանք գնել ոչինչ։ Երբ սկսվեց երկրորդ խաղակեսը, ոստիկանների թիվն ավելացավ։ Նրանք այնպես էին մեր դիմաց շարվել, որ հնարավոր չէր դիտել ֆուտբոլը։ Եվ եթե առաջին խաղակեսում մենք հանդուրժեցինք այդ իրավիճակը, ապա երկրորդ խաղակեսում մենք չէինք կարող հանդուրժել։ 
Ես ինքս անդադար տեղաշարժվել եմ այս ու այն կողմ։ Եթե ես եկել եմ հանգիստ խաղը դիտելու ու երկրպագելու մեր հավաքականին, իսկ իրենք ինձ խանգարում են, անդադար լարվածության մեջ են պահում, խոչնդոտում են մեր դիտմանը և տեղաշարժին, ապա իմ քայլերն արդարացված եմ համարում։ Այո՛, ամբողջ հարավային տրիբունայում 30-40 համազգեստով և քաղաքացիական հագուստով ոստիկանների եմ այս ու այն կողմ բերել։ Ես երկրորդ խաղակեսում ֆուտբոլ չեմ կարողացել դիտել։ Այնքան էր թեժացել վիճակը, որ հավաքականին սատարելու եկած ֆուտբոլասերները ոստիկանությանը գոռում էին՝ թողեք, ֆուտբոլ նայենք, և գրեթե ամբողջ ստադիոնն էր այդ վանկարկում։ Ասեմ, որ արարքս նպատակ չի ունեցել ինձ ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ինքս կանխել եմ, որ երկրպագուներից շատերը չվանկարկեն իմ անունը, քանի որ ես դրա համար չէի անում, ինչ որ անում էի։ Իհարկե, անչափ շնորհակալ եմ այդ երկրպագուներից։
Երբ ամբողջ տրիբունայով ընկած հետևիցս՝ ինձ էին ման գալիս մոտ 30 րոպե, ես հասկացա, որ անհնար է այլևս ֆուտբոլ դիտելը։ Նստեցի ոչ իմ տոմսին նախատեսված կարգում և նստարանին, որ գոնե վերևից կարողանամ դիտել։ Մոտեցան մի խումբ կարգադրիչներ և հարցրին՝ տոմս ունեմ, թե՝ չէ։ Տոմսս տեսնելով՝ ասեցին, որ իմ տեղում պիտի նստենք։ Եվ երբ մենք համաձայնության եկանք, որ ես և ընկերներս նստում ենք մեր տեղում, չշարժվելու պայմանով, ոստիկանությունը չի խոչընդոտում մեր դիտմանը, շարժվեցինք դեպի մեր տեղերը։ Երբ հասանք դեպի տրիբունա բարձրացող աստիճաններին, քաշքշուկ սկսվեց, հրմշտոց, միանգամից սարսափելի թվով ոստիկաններ և կարգադրիչներով շրջապատեցին, ոլորելով թևերս՝ հրեցին աստիճաններից ցած, ապա հայհոյանքներով ընկան հետևիցս։ Այդ պահին իմ մեկ ընկերն էր հետս, իսկ մյուս երկուսը մի քանի րոպե հետո իջան։ 
Իսկ ընկեր Օսիպյանը պատասխան հայհոյանքներ լսելուց շատ վրդովվեց։ Ի՞նչ է, իրեն թվում էր, թե լուռ պիտի հետևեմ իրենց գործողություններին և հայհոյանքների՞ն։
Վնասվածքիս հետ կապված՝ ասեմ, որ հրմշտոցի և ինձ խաղադաշտից հեռացնելու հետևանքով ոտնաթաթս ստացել է 2-րդ աստիճանի սալջարդ։ Հիվանդանոցից գիշերը եկել եմ տուն, բժիշկը նշանակել է 3-4 շաբաթ անկողնային ռեժիմ։
Բայց դե կարևորը հոգու ամրությունն է։
Իսկ հիմա իմ կարծիքը։ 
Միանշանակ սա սադրանք էր, որի հրամանն ինձ համար անհայտ է։ Եթե ոչ Վովա Գասպարյանն է այդ հրամանը տվել և ոչ Ռուբեն Հայարապետյանը, ապա թող իրենք պարզեն, թե ով է եղել այդ հրաման տվողը, որը նաև հերթական անգամ սևացնում է իրենց։ 
Հ․Գ․ Այն մարդիկ, ովքեր իմ պահվածքը մարզադաշտում համարում են սխալ (ոստիկաններին այս ու այն կողմ տանելը), ապա միայն կասեմ, որ ձեզանից ոչ մեկին հաճելի չի լինի նման իրավիճակում ֆուտբոլ նայելը, իսկ հետո ընդհանրապես չնայելը։
Անչափ շնորհակալ եմ բոլորին, ովքեր անհանգստանում են։ Շնորհակալ եմ երկրպագուներին՝ աջակցելու համար։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր եկան հիվանդանոց։ Շնորհակալ եմ ընկերներիս և առհասարակ բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել