Պարզվում է, որ միայն ինձ ու սոցցանցերի այլ օգտատերերին չէ, որ խիստ հիասթափեցրել էր Վաղինակ Շուշանյանի պահվածքը սեպտեմբերի 1-ին: Ըստ «Չորրորդ իշխանության» տվյալների՝ այդ միջադեպերի արդյունքում առանձնակի պաղել են առանց այն էլ սառը վիճակում գտվող հարաբերությունները Վաղինակի ու «Ոչ թալանին» նախաձեռնության այլ առանցքային անդամների՝ Արամ Մանուկյանի ու Մաքսիմ Սարգսյանի միջև:
Թերթը գրում է, որ նրանց ևս դուր չի եկել այն, որ Վաղինակը հայհոյել է, ապա վերնազգեստն է հանել, որպեսզի այդ քաշքշոցների մեջ հանկարծ չպատռվի, հետո փորձել է այդ ամենը վերագրել ոստիկաններին, թե իբր իրեն քաշքշել են և պատռել շորերը: Հետո ոստիկաններին կոչ է արել բացել փողոցը: Իսկ երբ տեսել է, որ իրեն լսող չկա, ոստիկաններին մեղադրել է տղամարդկություն չունենալու մեջ:
Ասեմ ավելին՝ «Ոչ թալանին»-ի տղերքի համար տհաճ անակնկալ է հանդիսացել այն, որ ակցիայի մեկնարկից դեռ օրեր առաջ Վաղինակը ֆեյսբուքյան իր էջում արդեն հայտարարել էր, որ Բաղրամյանը փակելու են ու կոչ էր արել մարդկանց միանալ իրենց, մինչդեռ հենց «Ոչ թալանին»-ում միանգամից փողոցը փակելու մասին որոշում չի եղել: Այլ կերպ ասած՝ Վաղինակը փորձել է էդ շորշոփի տակ ծածկոցն իր վրա քաշել, այսինքն՝ անել այն, ինչ սեֆիլյանականներն ու մնացած մանր մանկլավիկներն արեցին իրենց նկատմամբ հուլիսին: Ու հասկանալի է, որ «Ոչ թալանին»-ում սրան վերաբերվել են որպես դավաճանություն, որովհետև սա իրոք նշանակում է դավաճանել սկզբունքներին:
Դե ինչ արած, անչափ ցավում եմ, որ այդքան հիանալի ու դրական ձևով մուտք գործելով հասարակական-քաղաքական դաշտ՝ Վաղինակն այդքան կարճ ժամանակում ու այս աստիճան անփառունակ ձևով վատնեց իր ողջ հեղինակային կապիտալն այն աստիճան, որ այսօր անգամ Բաղրայանի իր զորակիցները չեն ցանկանում շփվել իր հետ: