Դեռահասային տարիքը մարդու ամենադժվարին ժամանակահատվածն է, երբ արդեն փոքր չես, որ քո բոլոր հոգսերն ուրիշները հոգան, և ոչ էլ շատ մեծ ես, որ քեզ հետ հաշվի նստեն: Ավելին, երբեմն էլ անտեսում են քո ամենանուրբ զգացմունքները և իրենց կամքն են թելադրում:
Շատ չերկարացնեմ: Ես սիրահարվել եմ մի աղջկա: Սկզբնական շրջանում մեր մտերմությունը զուտ ընկերական էր, բայց գնալով հարաբերություններն այլ երանգ ստացան, և մենք միմյանց կապվեցինք սիրո ամենաջերմ զգացմունքներով: Թվում էր, որ մենք գտել ենք մեր երջանկությունը: Ի՞նչ կա ավելի գեղեցիկ, երբ սիրում ես ու սիրվում:
Բայց այդ երջանկությունը կարճ տևեց: Իմ ընտրյալը ծնողներիս դուր չեկավ հենց առաջին պահից: Դե նա օտարերկրացի է, ավելի ազատ ու անկաշկանդ, մի բան, որ իմ հարազատների համար անընդունելի է:
Եվ սկսվեցին ինձ նրանից բաժանելու համառ փորձերը, հորդորների, հուսահատական ճիգերի մի ամբողջ սցենար: Ծնողներս գտնում են, որ նա՝ իմ ընտրյալը, ինձ համար կյանքի լավ ընկեր չի կարող լինել, քանզի այլ է նրա վարքուբարքը: Իսկ ինձ լսել բոլորովին չեն ցանկանում: Ես աղջկան սիրում եմ ամբողջ սրտով և գտնում, որ նրա հետ երջանիկ կլինեմ: Բայց նաև սիրում եմ ծնողներիս ու չեմ ցանկանում իմ այդ քայլով վշտացնել նրանց: Ես տուրք տվեցի նրանց ցանկությանը, ավելի շուտ՝ պահանջին ու հեռացա իմ սիրած էակից:
Դա ինձ վրա շատ ծանր նստեց: Հիմա ես երկու քարի արանքում եմ՝ սրտիս թելադրանքի և ծնողներիս հաստատակամության: Չգիտեմ ինչ անել, քայլում եմ տառապանքի ուղիներով: Գրելով այս մասին՝ ես հայցում եմ քո խորհուրդը: Անսամ զգացմունքների՞ս, թե՞ ենթարկվեմ ծնողներիս... 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել