Ինչ տարիքի էլ լինի մարդը - Ծնող ունենալը նրա իղձն է... Ինչքան զորավոր էլ լինի մի ազգ - նա էլ ուզում է Ծնող ունենալ: Բայց կա մի դառն իրականություն - Ծնողը կա, բայց ազգը չի ընկալում նրա գոյությունը, չի խնկարկում նրա անվանը...
Հովհաննես Չեքիջյանը - արևմտահայոց և պոլսահայոց մաքուր շառավիղը: Մաեստրոյի դեմքին - տարիների բեռն ու կշիռը, լեզուն հասարակ է ու քաղցր, անխորամանկ և ուղիղ, աչքերը ազնիվ ու աշխույժ փայլում են՝ հոգնած կոպերի տակից... Այսպես եթե նայես - այս հասարակ հայ կերպարի ետևում չես տեսնի երաժշտության հանճարը...
Ահա մեր Ծնողը - մեզ պետք է ամեն օր տեսնել նրան: Ամեն օր նայել կախարդ ձեռքերին, տեսնել մեղեդի պեղող մատները: Տեսե՞լ եք նրա մատները ստեղծագործության ժամին - նրանք դողում են, փնտրում են Կոմիտասի սիրտը, հայտնաբերում են և պտղունց-պտղունց հասցնում հային ու օտարին:
Մինչդեռ որքան սին անուններ մեր շուրթերին: Մեր շուրթերը, մեր լեզուն ինչպե՞ս են տանում այդ դատարկ շարանը, ո՞նց ճաք չեն տալիս, ո՞նց կեղծիքից չեն լալկվում... Լսե՜ք, լսե՜ք, թե ովքեր են թառել մեր մտքի լարերին, ու՜մ անուններ են այս տարաբախտ ազգի երևակայության տերը...
Հովհաննես Չեքիջյանը: Մեր Ծնողը: Մաեստրո - Քո անունը պիտի քաղցրացնի մեր լեզուն: Մեզ ծնողություն արա: Մեզ անտեր մի թող: Մենք մանուկ ենք: Մենք Քո գոյությունը չենք էլ գիտակցում: Մի՜ նեղացիր - մենք Արարչի գոյությունն էլ չենք գիտակցում...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3514598244176
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել