Թուրքիայում ընթացող ներքաղաքական իրավիճակի և այդ պետությունում գլոբալ իրադարձությունների հնարավոր զարգացումների ֆոնին ավելի պարզ է երևում այն, որ այս անգամ հարևան Ադրբեջանը ռազմական դրությունը սրում է ոչ թե Արցախի հետ շփման գծում, այլ հայ-ադրբեջանական սահմանին: Պարզապես հնարավոր պատերազմական իրավիճակը Թուրքիայում նրան դրդում է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի միջոցով՝ ցանկանալով հնարավոր պատերազմական իրավիճակում զերծ մնալ հայկական կողմի պահանջներից, քանի որ այդ երկրում հնարավոր զարգացումներից մեկն այն է, որ նա դադարի ամբողջական պետություն մնալուց, լայն իրավունքներ տալով ազգային փոքրամասնություններին, այդ թվում և հայերին: Այն, որ Թուրքիան արդեն չի «իշխում» քրդաբնակ շրջաններում, արդեն իրողություն է: Թուրքիայի վերնախավում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ը պատրաստվում է տարածքում նոր սահմաններ գծել, որը կվերաբերի նաև Ադրբեջանին, և որը բացարձակ չի համապատասխանում Թուրքիայի շահերին: Անխուսափելիորեն շոշափվելու է ոչ միայն Արցախի, այլ նաև Նախիջևանի հարցը: Թուրքիան պատահաբար չէ իր ռազմաօդային ուժերն ուղարկել Նախիջևան՝ երկարաժամկետ զորավարժությունների անվան տակ: Թուրքիային ու Ադրբեջանին անհրաժեշտ է Հայաստանը ներգրավել իրենց պատերազմում, որպեսզի չեզոքացնեն հայերի պահանջները, որոնք կարող են վճռորոշ դառնալ:
Մյուսը, որ Վաշինգտոնը Թուրքիայում գտնվող ամերիկացի դիվանագետների ու զինվորականների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել երկիրը «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ ռազմական գործողությունների ակտիվացման ֆոնին, և այն, որ Թուրքիայի կողմից երկարաձգվել է Իրաքում և Սիրիայում ռազմական ուժ կիրառելու իրավունքը, ավելի քան հավանական են դարձնում խոշորամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
Հուսանք, որ Թուրքիայի համար ոչ նպաստավոր ժամանակների սկիզբը, Հայաստանի համար ձեռնտու լինելուց զատ, նաև աշխարհաքաղաքական իմաստով կլինի օգտակար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arshak.zakaryan.98?fref=ts
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել