«Այն պարտադրվել է Ասամբլեայի պատվիրակներին` նրանց իրավունքների եւ արժանապատվության աղաղակող անտեսմամբ, միտումնավոր ոտնահարելով կազմակերպության ընթացակարգերը, որոնք պահանջում էին.
ա) փաստաթղթի ընդունում կոնսենսուսով (առնվազն ես հրապարակայնորեն եւ վստահաբար առարկել եմ փաստաթղթին), եւ
բ) վերջնական նախագծի բաժանում բոլոր պատվիրակներին՝ եզրափակիչ նիստից առաջ (ինչը դիտավորյալ չարվեց): Հռչակագիրը պարտադրվեց, ինչպես երեւաց, կանխակալ դավադրությամբ (առնվազն Պակիստանից բարձրաստիճան սենատորի կողմից, ով գլխավորում էր նախագծի մշակման հանձնախումբը եւ տեղյակ էր, որ ես, համաձայն կազմակերպության ընթացակարգերի, պահանջել եմ նախապես ծանոթանալ Հռչակագրի նախագծին եւ արտահայտվել դրա վերաբերյալ, եթե պարզվի, որ այն միակողմանի է, հատվածական եւ/կամ ոչ ճշմարիտ) եւ լուռ թողտվությամբ (Դուք երկուսդ անվրդով նստել էիք մինչ ադրբեջանական պատվիրակությունը եւ բանաձեւի նախագիծը մշակող սենատորը, ԱՔԿՄՀ-ի կանոնների եւ ընթացակարգերի խախտումներով, առաջ էին շարժվում): Կոնսենսուս չկար. օրենքի գերակայությունը ծաղրի ենթարկվեց օրը ցերեկով, եւ ինչն ավելի վատ էր՝ փաստաթղթի «վերջնական» տեքստը ներառեց Լեռնային Ղարաբաղին առնչվող բաժին, որը գաղտագողի ավելացվեց վերջին պահին՝ Հռչակագիրը վերածելով Ադրբեջանի ստանդարտ քարոզչական թղթի, որը ոչ միայն կեղծ էր ու յուրաշահ, այլեւ զորակցեց Ադրբեջանի պատերազմական հռետորաբանությանը եւ բռնության խթանմանը (արտահայտված բռունցքներով հարվածելու հետամնաց դրսեւորումներով, որի մասին մենք բոլորս կարող ենք վկայել)` փոխանակ խաղաղությանը, անվտանգությանը եւ հաշտեցմանը ծառայելու: Ինչպիսի հեգնանք: Ես սույնով պահանջում եմ, որ Դուք ճիշտ գործ անեք, ուղղեք ձեր սխալը եւ անվավեր համարեք «Բաքվի հռչակագիր» կոչված զեղծարարությունը, ինչպես նաեւ դրա հրապարակումը` անհապաղ ու ամբողջապես:
Եթե դա չարվի, ապա եթե անգամ ոչ մի այլ բարեխիղճ պատվիրակ պաշտոնապես չարտահայտի իր բողոքը, ես պահանջում եմ, որ դուք հանեք «Հայաստան» բառն այդ կեղծված թղթի կտորից»:
Աղբյուր` www.emedia.am