Օդում օդաչու ենք, ջրում՝ նավաստի, ցամաքում էլ ամեն ինչ, դրա համար էլ էսքան բարձր է գործազրկության տոկոսը։
Ցանկացած իրավիճակ, որը քիչ թե շատ հանրային ուշադրության է արժանանում, Ֆեյսբուքում ու բեսեդկաներում արժանանում է խորքային վերլուծության: Սահմանին լարված է՞ իրավիճակը, ֆեյսբուքահայերը ռազմական փորձագետ են, սահմանադրությո՞ւնը պիտի դրվի հանրաքվեի, ֆեյսբուքահայերը սահմանադրագետ են, բժշկական սխալի պատճառով մարդ է՞ մահացել, ֆեյսբուքահայերը բժիշկ են ու այսպես շարունակ: Չծավալվելով թեմայի շուրջ՝ մի օրինակ բերեմ Գերմանիայի փորձից, որը հանգամանալի ցույց է տալիս Եվրոպայում գործազրկության ցածր մակարդակի պատճառը։
Դիցուք՝ դուք ապրում եք Մյունխեն քաղաքում, ուր, ի դեպ, գործազրկության տոկոսը 2 է (էդ երկու տոկոսն էլ կազմում են հիվանդները, թմրամոլներն ու անգործունակները, ցանկացած առողջ մարդ գործ ունի). եթե փչացել է վարդակը, նախ ոչ ոք ինքնագործունեությամբ չի զբաղվում ու փորձում սարքել, հետո, կանչ ես գրանցում ինչ-որ ծառայության, նրանք մոտենում են ու սարքում, բայց... եթե այդ ընթացքում ինչ-որ այլ էլեկտրական սարք է փչանում, ու դու վարդակի համար եկած մասնագետին խնդրում ես վերանորոգել, նա կտրականապես հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ ինքը վարդակի մասնագետ է ու չի կարող իր քիթը խոթել մի գործի մեջ, որի նեղ մասնագետը չէ: Ու նաև այս պատճառով բոլորն աշխատանք ունեն, ամենքն իր գործն է գլուխը կախ անում, ու բոլորը գոհ են և երջանիկ:
Մեկ-մեկ եկեք մենք էլ հնարավորինս քիչ խառնվենք այն հարցերի մեջ, որոնցից չենք հասկանում, նամանավանդ որ երբեմն խառնվելու հետևանքները կարող են աղետալի լինել: