Սրանից մի քանի օր առաջ «Ոտքի՛, Հայաստան» շարժումը հայտարարեց ժամանակավոր կառավարություն ստեղծելու անհրաժեշտության մասին, հիմա էլ կորած-մոլորած արևմտահայաստանահպատակ մեր բարեկամ Րաֆֆին է ծլել՝ ժամանակավոր իշխանություն սահմանելու իր նախաձեռնությամբ:
Եթե մի պահ մոռանանք, թե ինչ չնչին ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչներ ու միավորներ են վերոնշյալներն, ու քննարկենք այս գաղափարի ակունքները, ապա ակնհայտ է, որ գործ ունենք գլխուղեղի մայդանացման հետ, առավել ևս, հաշվի առնելով, որ Անդրիասն ու իր թիմը, որի մեջ ակտիվորեն ներգրավված է Րաֆֆու երիտշառավիղ Սանասարյանը, ինչպես նաև հենց ինքը՝ Րաֆֆին, ակտիվորեն սատարում էին Մայդանը, երբ այն դեռ թարմ էր: Ավելին՝ նրանց կողմնակիցներն ակտիվորեն մասնակցում էին ու գործուղվում էին Կիև այդ օրերին ու դրանից հետո: Հավանաբար մեթոդաբանական վերապատրաստություն անցնելու համար ամերիկյան տերերի կողմից:
Հիմա բուն նախաձեռնության անհեթեթության մասին: Ցույց տվեք ինձ նորագույն պատմության մեջ գոնե մի նախադեպ, երբ նման մարգինալները կարողացել են մի խելքը գլխին բան անել: Ժամանակավոր կառավարություններ ու իշխանություններ շատ են ստեղծվել, այդ թվում նույն Ուկրաինայում: Արդյունքնե՞րը.... Արդյունքները մի՛շտ կատաստրոֆիկ են եղել այն երկրների բնակչության համար, որտեղ այդ ավանտյուրիստները հաջողել են դրսի օգնության հաշվին ու արել են դա: Կրկնում եմ, նայեք նույն Ուկրաինայի օրինակը: Չեմ կարծում, որ որևէ ազնիվ մարդ, ով թաթախված չէր գրանտային կեղտի մեջ, իրոք ու անկեղծորեն ցանկանա նման հեռանկար իր երկրի համար, իսկ որ այլ հեռանկար հնարավոր չէ՝ երաշխավորված է:
Իսկ հիմա վերադառնանք իրականություն տեսական մտավարժանքների դաշտից: Այսօրվա դրությամբ նման ամպագոռգոռ նախաձեռնությամբ հանդես եկողների ժողովրդականության պոտենցիալն այնքան չնչին է, որ անգամ մի փողոց չեն կարող փակել: Մի խառնեք Բաղրամյանի ցույցերի հետ, այդ օրերին ներկա տասնյակ հազարավոր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չէր հարում կուսակցություններից և ոչ մեկին, դրա համար էլ հենց հարթակն անցավ ծաղրածուներին, բազմահազարանոց զանգվածն արագ դարձավ մի քանի հարյուր, իսկ հետո նաև մի քանի տասնյակ մասնակից հաշվվող վտիտ ամբոխ: Ու սրանք պետք է ժամանակավոր իշխանություն ձևավորե՞ն: Մի՛ ծիծաղեցրեք իմ հողաթափիկներին: