Անձրև եմ ուզում...
Երեկ առաջին անգամ կյանքում երախտապարտ եղա երևանյան երթուղայինին: Սովորականի նման նստեցի երթուղային՝ առանձ գիտակցելու, թե ձեռքս ում օրգանի վրա է և հակառակը... Մոտեցա մի աղջկա, որ գոնե անհարմար դիրքում հայտնվելու դեպքում դրանով ամեն ինչ վերջանա, ու դարձյալ ինձ կարտոֆիլի տեղ դրած այս պատից մյուսին խփվելով, այս ոտքից մյուսին հենվելով, այս ձողը բաց թողնելով ու մյուսից բռնվելով սկսեցի հաղթարշավս երևանյան փողոցներից մեկով:  Հաջորդ կանգառում խլացուցիչ ռեզոնանսային ձայնով բացվեց ավտոբուսի դուռը ու ներս մտավ ոմն մեկը, որի մասին ամեն ինչ կթաքցնեմ, որ չփնտրեք նրան: Ապա շրջվեց, քիթը համարյա իմին հպելով աչքերը հառեց ուղիղ բիբերիս, ու ես հասկացա, որ քարացել եմ, նայում էի նրա աչքերին ու օպտիկական խաբկանք էի զգում, անվերջանալի խորություն, ես երբեք նման բանի ականատես չեի եղել, նա ակնդետ նայում էր ինձ ու ես փորձում էի որսալ կոպերի հատակը, բայց չկար, ես գնալով ավելի էի խորանում նրա աչքերի, նրա մեջ, բայց այդ ամենն անվերջանալիորեն ձգվում էր երկար, 3, 4, 5, 6, և ավելի կանգառներ մենք իրար էինք նայում, ես ցցնված էի, ես այնքան էի խորացել նրա մեջ, որ չէի կարողանում դուրս գալ, ես սարսափում էի, որ հանկարծ ինչ-որ անզգույշ շարժում, ինչ-որ մեկի կոպիտ պահվածք, ու ես կկորցնեի նրա աչքերը ու նրա աչքերում կթողնեի իմ միտքը, բայց ամեն ինչ դեռ բարեհաջող էր: Ես վստահ էի, որ այդ ամենը չի վերջանա, բայց մի վարկյան չանցած՝ նրա աչքերը փակվեցին, ու ես մնացի ներսում, հետո, երբ բացեց, ես արդեն մոլորվել էի ու չկարողացա գտնել ելքը: Նա իջավ ու իր հետ տարավ աչքերս, ես ինձ կույր էի զգում` կորցրել էի աչքերս, իսկ նա ժամանակ առ ժամանակ պտտվում էր՝ ասես զայրույթս գրգռելով, ու հիշեցնում էր`հեեեեեեե՜յ, պատանի, աչքերդ տանում եմ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել