Final Hearings of Vardan Petrosyans case. He was sentenced to five yearsA1plus.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանին երեկ երեկոյան Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են Էրեբունու ՔԿՀ ժամանակավոր կացարան։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ «Դատարանի որոշումը կա և այն պետք է ի կատար ածել»,-նշեց նա։

Փաստաբանը պարզաբանեց, որ անզգույշ կատարված հանցագործության դեպքում կարգն այդպիսին է, որ մեղավորը պատիժը պետք է կրի բաց ռեժիմով։

«Վարդան Պետրոսյանին այստեղից էլ տեղափոխելու են Վարդաշենի ՔԿՀ։ Այդ ժամանակ նա պետք է դիմում ներկայացնի, որպեսզի պատիժը կրի քրեակատարողական հիմնարկից դուրս։ Նա կարող է իր պատիժը կրել աշխատանքի վայրում։ Դա ընդունված ձև է, այսինքն, մարդն աշխատելով ուղղվում է։ Նա կարող է տնից գնալ աշխատանքի, հետո գնալ տուն։ Դա պատժի տեսակ է»,-շեշտեց պարոն Բաղդասարյանը։

Փաստաբանը հաստատեց նաև լուրը, որ դերասանը թատրոններից մեկից աշխատանքի առաջարկ է ստացել. «Իրեն առաջարկ է եղել աշխատել որպես դերասան-պրոդյուսեր, բայց պայմանագիրը դեռ չի կնքվել։ Երբ Վարդան Պետրոսյանն ազատության մեջ լինի, արդեն կորոշի՝ ինչպես վարվել»։

Ի դեպ, հնարավոր է այնպիսի որոշում, ըստ որի՝ Վ. Պետրոսյանը կարողանա առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն դուրս գալ ՔԿՀ-ից, եւ երեկոյան սահմանված ժամին վերադառնա ՔԿՀ եւ գիշերի այնտեղ:

Քրեակատարողական օրենսգրքի 103-րդ հոդվածը սահմանում է, որ դատապարտյալը կարող է պատիժը կրել բաց ուղղիչ հիմնարկում։ «Դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված կացարանում»,-«Ա1+»-ի հետ զրույցում մանրամասնեց Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղալեչյանը։

Նա նշեց, որ պատժի այս տեսակը թույլ է տալիս դատապարտյալին տեղաշարժվել տվյալ կացարանի սահմանված տարածքում։ Հարցին, թե կարո՞ղ է դատապարտյալն այդ դեպքում նաև աշխատել, պարոն Ղալեչյանը նշեց. «Այդ հիմնարկի պետի թույլտվությամբ այո, կարող է»։

Քրեակատարողական ծառայության աշխատակիցը նաև հայտնեց, որ մոտ ժամերին կկայանա Վարդան Պետրոսյանի գործով տեղաբաշխման հանձնաժողովի նիստը, որի ընթացքում որոշում կկայացվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել