Մի փոքր վերլուծություն՝ կապված Աշխարհի առաջիկա առաջնությանը մեր հավաքականի մասնակցության հնարավորության հետ... Բոլորս էլ, իսկապես, անկեղծ և շատ ենք ուզում, որ մեր ընտրանին վերջապես մասնակցի ֆուտբոլային խոշորագույն ստուգատեսներից մեկին: Բոլորիս գլխավոր ցանկությունն է: Եվրոպայի առաջնության ընտրական փուլը ձախողելուց հետո հույս ունենք, որ կստացվի արդեն ԱԱ-ի ընտրական փուլի ժամանակ: Բայց! Դրա համար նախևառաջ անհրաժեշտ է որակյալ և բարձրակարգ մարզիչ! Հետո, անհրաժեշտ է, որ մինչև ընտրական փուլի մեկնարկը մեր տղաներն իրենց ակումբներում լիարժեք խաղաժամանակ ստանան և լինեն գերազանց մարզավիճակում: Հավատացեք, որ ՖԻՖԱ-ն ամեն ինչ արեց մեզ համար նախընտրելի վիճակահանության համար, որին լիովին կողմ է նաև Ռուսաստանի ֆուտբոլային միությունը և ԱԱ կազմկոմիտեն: Պատճառը պարզ է և հստակ... Գաղտնիք չէ, որ նման խոշոր մրցաշարերը, բացի մարզական տեսնակյունից, ունեն նաև հսկայական բիզնես նշանակություն: Կազմակերպիչները ցանկանում են ոչ միայն ետ բերել կատարված ծախսերը, այլ նաև ստանալ հսկայական շահույթներ: Եվ ի՞նչը տվյալ դեպքում կարող է ապահովել շահույթների զգալի աճ, եթե ոչ ամբողջ Ռուսաստանով սփռված և, իհարկե, Հայաստանում բնակվող հայությունը: Պատկերացրեք, հայ ֆուտբոլասերների ինչպիսի հոսք կլինի ռուսական խաղադաշտեր, եթե այնտեղ հայտնվի մեր հավաքականը: Սա չի նշանակում, բնականաբար, որ Հայաստանի ընտրանու բացակայության դեպքում ֆուտբոլասերների քանակը կտրուկ կնվազի: Միանշանակ այդպես չէ: Բայց ահա մեր հավաքականի մասնակությունը զգալի աճ կարձանագրի այս առումով: Հետևաբար, ՖԻՖԱ-ն կանի ամեն ինչ, որպեսզի մեր հավաքականն առնվազն երկրորդ դիրքում ավարտի ընտրական մրցաշարը, որից հետո անցումային խաղերի ժամանակ մեր ընտրանու համար «կապահովի» առավելագույնս հարմար մրցակից: Այսինքն՝ ՖԻՖԱ-ն կանի գործի 40%-ը: Իսկ մնացած 60%-ը մեր ֆուտբոլիստների և, իհարկե, մարզչական շտաբի աշխատանքի արդյունքը կլինի: Բայց, կրկնեմ, նման հաջողության հասնելու համար նախևառաջ որակյալ և բարձրակարգ մարզիչ է անհրաժեշտ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua.mehrabyan.1/posts/748618795261092?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել