Առակ այն մասին, թե ինչպես է աշխարհը տրամադրված մարդու հանդեպ
Աշակերտը հարցնում է իմաստունին.
– Ուսուցիչ, արդյո՞ք աշխարհը թշնամաբար է տրամադրված: Թե՞ այն մարդուն միայն բարիք է բերում:
– Ես քեզ կպատմեմ մի առակ, թե ինչպես է աշխարհը վերաբերվում մարդուն, – ասում է ուսուցիչը։- Կար, չկար մի հզոր Շահ կար: Նա հրամայում է կառուցել իր համար գեղեցիկ մի պալատ: Այնտեղ բազմաթիվ հրաշալի բաներ կային: Այդ ամենի մեջ առանձնանում էր մի սրահ, որտեղ բոլոր պատերը, առաստաղը, հատակը և նույնիսկ դռները հայելուց էին: Հայելիները չափազանց պարզ էին, և այցելուն միանգամից գլխի չէր ընկնում, որ իր առջև հայելի է, այդքան ճշգրիտ էին դրանք արտացոլում առարկաները: Բացի դրանից, այդ սրահի պատերը կառուցված էին այնպես, որ ձայնից առաջանար արձագանք: Հարցնում ես. «Ո՞վ ես», և տարբեր կողմերից լսվում է պատասխան. «Ո՞վ ես, Ո՞վ ես, Ո՞վ ես…»: Մի անգամ այդ սրահ է մտնում մի շուն և զարմանքից քար կտրում՝ շների մի ամբողջ ոհմակ ամեն կողմից, վերևից և ներքևից շրջապատել էր նրան: Շունը վախեցնելու համար սկսում է ատամներ ցույց տալ, և ոհմակի բոլոր շները նույնպես սկսում են ատամներ ցույց տալ: Սարսափած շունը հուսալքված սկսում է կլանչել: Արձագանքը կրկնում է նրա կլանչը: Շունն ավելի ու ավելի բարձր էր հաչում: Արձագանքը ետ չէր մնում: Շունն այստեղից այնտեղ էր թռչում՝ կծոտելով օդը, և նրա արտացոլանքները կրկնում էին նրան: Առավոտյան ծառաները գտան շան անշնչացած մարմինը՝ շրջապատված միլիոնավոր անշնչացած մարմնի արտացոլանքներով: Սրահում չկար որևէ մեկը, ով կարող էր վնաս հացնել շանը: Շունը սատկել էր՝ կռվելով սեփական արտացոլանքի հետ: Այժմ դու տեսնո՞ւմ ես, – վերջացնելով խոսքը՝ ասաց իմաստունը, – ուրիշ մարդիկ իրենք իրենցով չեն բերում ոչ բարիք և ոչ էլ չարիք: Մեր շուրջը կատարվող ամեն ինչ ընդամենը մեր մտքերի, զգացմունքների, ցանկությունների և արարքների արտացոլանքն է: Աշխարհը մի մեծ հայելի է: Ինչպես ջուրն արտացոլում է դեմքերը, այդպես էլ այլ մարդու սիրտն արտացոլում է քո սիրտը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել