Հանդիպում են տղամարդն ու կինը, ո՞վ կարող է անել այդ հանդիպման պատմությունը …
Նրանք արդեն հադիպել են, նրանք սիրում են իրար: Սևահեր կինը – նուրբ մաշկի ու նյարդերի այդ գեղեցիկ համաձուլվածքը… Եվ ամուսինը – արի կասկադյորը: Նրանք պարում են իրենց կյանքը – դա կյանք չէ, այլ բրազիլական սամբա` խելահեղ, նուրբ, նյարդային: Որքա՜ն երջանկություն: Տղամարդը – մոլորակային անուղղելի կասկադյորը, որ պայթեցնում է հրե խաղալիքներ, խաղում նրանց հետ` անվախ ու արի. – զգու՜յշ, կկոտրես պարանոցդ: Եվ նա կոտրում է պարանոցը: Եվ կինը մնում է մենակ… Շքեղ նյարդերի այդ կծիկը մնում է մենակ:
Մյուս զույգը – հանդիպել են ու սիրում են… Կնոջ դեմքը – հռոմեական պատրիկուհու գեղեցկություն. նա սպասում է տղամարդուն: Իսկ տղամարդը – կյանքը ռալիի մեջ, թռչում է մեքենայով` սառած ու ցեխոտ ճանապարհների վրայով: Մրցավազք – բութ մարդկության այս զբաղմունքը: Ձեր մրցավազքը չարժեր այս գեղեցիկ կնոջ վշտին – ամուսինը վիրավորվում է, անգիտակից` վիրահատական սեղանին է – և կինը հուսալքության մեջ ինքնասպան է լինում: Այս անգամ մնում է տղամարդը: Մնում է մենակ: Ապրում է:
Եվ ահա, հանդիպում են այս երկուսը, այս երկու մենակը, կորուսյալ սիրո այս երկու ժառանգները: Հնչում է մի նրբակերտ լեզու, ձգվում է նորածիլ մեղեդիների մի շարք` փարիզյան փողոցների քնքշության մեջ… Տղամարդը և կինը – նրանք նայում են իրար. «Դու և ես քաղաքում մենակ ենք»: Նրանց մանուկները խաղում են իրար հետ, նրանք էլ են խաղում… Եվ անիմանալին ձգում է նրանց:
Մատները տղամարդու… դեսպանն են: Երբ արիությունը չի հերիքում, երբ բառերը չեն ծնվում, որ խոստովանություն անեն – մատները լուռ դողով մոտենում են կնոջ մատներին – ահա ուր որ է` կլինի հպումը, առաջի՜ն հպումը, առաջի՜ն խոստովանությունը: Բայց դեսպան-մատները կորցնում են պահը…
Տղամարդը և կինը… Անիմանալին ձգում է նրանց, այդ պահին ծովի ալիքները հասկանում են նրանց և իրար վրա թավալվում են… սիրու՜ց: Ճայերը այդ վայրկայնին սիրում են իրար, տղամարդու և կնոջ սիրուց շու՜նն էլ է երջանկանում: Ալիքները, ճայերը, շունը… Մի քանի օր անց թռչում է կնոջ հեռագիրը ռալին ավարտած տղամարդուն` ես քեզ սիրում եմ: Տղամարդը թռչում-հասնում է, երկու վիրավոր ձուլվում են իրար… Փայլում է էքստազի և քնքշանքի արևը, նրանք ապաքինվում են ու ամբողջանում… Բայց անցյալը դեռևս այրում է կնոջը, և նա հեռանում է… Երբ գնացքը կանգնում է կառամատույցին, և կինը իջնում է, նրան դիմավորում է … Սերը: Տղամարդը թռել և ավելի շուտ էր հասել այդ կառամատույց, քան գնացքը:
Շուտ էր հասել… Սերը ուժեղ է մեզանից…
ՍԵՐԸ ՈՒԺԵՂ Է ՄԵԶԱՆԻՑ – ասում է Կլոդ Լելյուշի «Տղամարդը և կինը» ֆիլմը, ասում են Անուկ Էմեն և ժան-Լուի Տրիտինյանը...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3511095756616
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել