Չգիտեմ, միայն ե՞ս եմ դա նկատել, թե՞ դուք էլ ունեք այն զգացումը, որ մեզ մոտ ամենաբարձիթողի վիճակում քաղաքականությունն է: Նկատում եմ, որ դերասանները բողոքում են, թե ամեն պատահական մարդ սերիալի դերասան է դառնում կամ կինո նկարում, նկարիչները բողոքում են, թե ով ինչ դպրոց ասես հնարում ու իր ուզածը նկարում է, գրողներն ամեն մի նոր գլուխ բարձրացնողի գրածը փշերով են ընդունում: Ինչո՞ւ՝ բացատրվում է արվեստի անաղարտության համար պայքարով: Չնայած ես, միևնույն է, չեմ հասկանում դա, քանի որ ամեն մեկն իր շնորհքին համեմատ էլ լսարան է ձեռք բերում, կարող են ընդհանրապես ուշադրություն չդարձնել, եթե մարդն իրականում ասելիք չունի, արագ էլ կսպառվի ու կանհետանա, իսկ մեծատաղանդներն այդպես էլ իրենց տեղերում կմնան, թող ասուպի նման երկնքում փայլելու զգացումը մի պահ էլ իրենք վայելեն, դրանում ոչ մի վատ բան չկա: Ի վերջո արևին ինչո՞վ պիտի խանգարի թեկուզ ամենահզոր լուսարձակը:
Բայց այս ֆոնին քաղաքական գերհագեցածությունն ուղղակի խեղդում է: Դեռ մի անգամ չի եղել, որ ականջովս ընկնի ինչ-որ քաղաքական լուրջ գործչի բողոք, որ դա իրենց ոլորտն է, դուք խնդրեմ մասնագիտացեք, նոր զբաղվեք մեր գործով կամ մեր գործը քննարկելով: Ընդհակառակը, անընդհատ սադրում են, որ ժողովուրդն անվերջ քննարկումների մեջ լինի: Երևի հույս ունեն, որ ընթացքում մի երկու նոր գաղափա՞ր կլսեն, չգիտեմ...(( Համաձայնեք, լուրջ չի, որ ամեն օր, 24 ժամ անընդհատ ներքաշված ենք տարատեսակ ինտրիգների բացահայտման ու պարզաբանման մեջ: Երկու միլիոն բնակչից առնվազն մեկ միլիոնը հանգիստ քաղաքական վերլուծաբան կարող է դառնալ...
Պարոնայք քաղաքական գործիչներ, խնդրում եմ, դողացեք ձեր պրոֆեսիոնալիզմի վրա, մի հանդուրժեք մեր մասնակցությունը: Ասել է թե՝ այնքան բարեխիղճ եղեք, որ մենք ստիպված չլինենք օգնել մասնակցելով: Մենք էլ մեր գործերն անենք՝ բուժենք, հող մշակենք, տուն սարքենք, երեխա մեծացնենք, ուղղակի ապրենք...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/485130304843585
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել