«Մեզ շատ են պետք մասնագիտացված լրագրողներ՝ գիտական, ռազմական, տնտեսական»։

Հաճախ քննարկման առարկա է դառնում՝ արդյո՞ք լրագրողները պետք է լուսաբանեն էզոթերիկ-պայծառատեսների ասուլիսները, որտեղ ներկայացվում են մոտակա ամիսների և վերջին մի քանի հազարամյակների պլանները՝ կախված հայ ժողովրդի և Սիրիուսի կողքերն ապրող քաղաքակրթությունների շահերից։

Տարօրինակ բան կասեմ, բայց, իմ կարծիքով, լրագրողներն օկուլտիստներին պետք է լուսաբանեն նույն կերպ, ինչ գիտնականներին։ Լրագրողը պետք է գոնե մի քիչ հասկանա թեմայից, որը լուսաբանում է։

Ի՞նչ օգուտ, եթե լրագրողն առանց հասկանալու է ներկայացնում մաթեմատիկոսի կամ ֆիզիկոսի ասածները. դա շատ չի տարբերվում էզոթերիկի ասուլիսի լուսաբանումից։ Երկու դեպքում էլ ընթերցողին պատմվում է բացարձակ այլ պատմություն, որը կապ չունի իրական ասվածի հետ։ Գրված նյութերը բոլոր դեպքերում ստանում են գերանհասկանալի էզոթերիկ հայտնության տեսք։

Մի քանի տարի առաջ դասընթացների շարք անցկացվեց գիտական թեմաները լուսաբանող լրագրողների համար։ Ցավոք, այդ թրեյնինգներն անցած լրագրողները մեր լրատվական դաշտում ծանրակշիռ մաս չկազմեցին։ Եվ այսօր գիտական թեմաներով գրվող նյութերի մեծ մասը ԼԱՎԱԳՈՒՅՆ դեպքում բրիտանական գիտնականների զառանցանքի՝ Google Translate-ով արված թարգմանությունն է։

Երբ այս թեմայի մասին խոսում ես, հաճախ մեղադրում են, թե չար ես, չուզող և պարապ։ Երբ լրագրողներն իրար հետևից հարցազրույցներ են անում մի մարդու հետ, ում կառավարությունը հրաժարվում է օգնել հավերժական շարժիչ ստեղծելու ազգանվեր գործում, խոսակցությունները ջերմադինամիկայի երկրորդ օրենքի շուրջ (որն էլ, այլ ոչ կառավարությունը, հավերժական շարժիչի ստեղծման ազգանվեր գործի առաջին թշնամին է) շատ արագ հանգեցնում են չարության համար մեղադրանքների։

Էլ չեմ խոսում «Շախ և մատ աթեիստներին» շարքի նյութերի մասին, որտեղ պատմվում է Աստծո տան վերջին նկարահանումների կամ Մարսի վրա լուսանկարված տխուր կնոջ մասին։ Այս նյութերի մասին քննադատաբար խոսելը բերում է իշխանությունների պատվերը կատարելու համար մեղադրանքների։ Շախ և մատ քննադատողներին։

Թվում է, թե սրանք պարզապես զավեշտալի դեպքեր են, որոնց վրա չարժե ժամանակ ծախսել։ Բայց նման մոտեցումները բավական մեծ խնդիրներ են առաջացնում ողջ հասարակության համար։ Մարդը դպրոցում դաս չի սովորում, հետո հավատում է, թե Մարսը կարող է դառնալ Լուսնի չափ, այն էլ մեկ օրով:

Համաձայնեք՝ նույնիսկ դիցաբանական մտածողություն ունեցող հին հույների համար ծիծաղելի կլիներ կարդալ։ Երկար կհռհռային։ Իսկ մենք հակառակը՝ մի բան էլ ֆեյսբուքով տարածում ենք։

Հետո «երկու Լուսին է հայտնվում երկնքում». Մարսից հետո դա այնքան էլ դժվար բան չէ։ Ու ամենագեղեցիկն աղբյուրների հետ աշխատանքն է։ Ուրեմն, 1in.am-ը հղում է տալիս ոչ հայեցի անվանում ունեցող mashable.am-ին։ Սա էլ, ուշադրություն, «ֆեյսբուքյան «Ինձ պետք է էսինչ բանը» խմբի տարբեր գրառումներին»։

Բայց դպրոցում վատ սովորողը, եթե օգտվում է զանգվածային լրատվությունից, իր անգրագիտությունը տարածում է ուրիշների շրջանում։ Նման նյութերը լուրջ հետևանքներ կարող են ունենալ, քանի որ այսօրվա երիտասարդությունը, դժբախտաբար թե բարեբախտաբար, հաճախ գիտելիքները քաղում է դպրոցից դուրս։

Հիմնականում ինտերնետում։ Եվ նման անգրագիտությունները «կրթում են» մեր երեխաներին։

Բայց սա դեռ մի կողմ։ Անգրագետ հոդվածները կարող են ավելի բարդ հետևանքներ ունենալ։ Ցանցը հաճախ հեղեղվում է աննպատակ նյութերով, որտեղ, օրինակ, չինացի դոկտոր-պրոֆեսորը խորհուրդ է տալիս ինսուլտի ժամանակ ոչ թե զանգել շտապ օգնություն, այլ ներարկիչի ասեղով ծակել հիվանդի տասը մատները:

Որ մի լավ արյուն գա։ Հաշվի առնելով, որ ինսուլտի ժամանակ շատ կարևոր է ժամանակը, նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս վիճակն այն մարդու համար, ում տանեցիները սիրում են «ինտերնետներում» բարի խորհուրդներ կարդալ և հետո փորձարկել դրանք մարդկանց վրա։

Կամ հաճախ տեսնում ենք հրապարակումներ, թե ինչպես կարելի է բուժել քաղցկեղը միայն լիմոնով կամ ձեթով ու նանայով կամ ինչ-որ «գոնչե» յուղով՝ Նազրվանի վարունգի ու Սիմիրենկո խնձորի հետ խառնած։ Պետք է մի ամիս միայն այդ հիանալի հեղուկը խմել։

Մարդ խմում է, իսկ այդ ընթացքում մետաստազները տարածվում են։ Իսկ լրագրողն ընդամենը հրաշալի նյութ էր թարգմանել՝ միայն բարի ու ազնիվ նպատակներով։

Իրականում այս հոդվածը երկու բանի մասին է ընդամենը՝

ա․ Մեզ շատ են պետք մասնագիտացված լրագրողներ՝ գիտական, ռազմական, տնտեսական։ Կան, բայց շատ քիչ են։
բ. Հեքիաթներ գրող լրատվամիջոցներից չարժե գիտական ոլորտին վերաբերող նյութեր քաղել։

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել