Մեկ-մեկ Աշոտյանի դեմագոգիան կարոող է հուներից հանել նույնիսկ ամենահավասարակշռված մարդուն: Օրինակ՝ օրերս աղմուկ բարձրացավ, որ Աշոտյանն իր երկու որդիներին էլ տվել է «Այբ» մասնավոր դպրոց, ինչը չէր կարող աղմուկ չբարձրացնել, իսկ Աշոտյանն այսօր հայտարարում է, որ եթե ընդդիմադիրների երեխեքը կարող են գնալ այդպիսի դպրոց, ուրեմն ինքն էլ կարող է իրեն թույլ տալ, առավել ևս, որ ֆինանսապես մեծ մի հարց չէ:
Աշոտյանին պետք է հուշել, որ դոդերի բաղերը իրեն գցել պետք չի, առավել ևս, որ դա իր մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Խնդիրն Աշոտյանի դիմադիր կամ էլ ընդդիմադիր լինելու մեջ չէ, ոչ էլ ինչ-որ մեկն ասել է, որ աստղաբաշխական գումարներ են պետք՝ երեխային «Այբ» տալու համար: Այլ կերպ ասած, խնդիրը ոչ կուսակցական է, ոչ էլ ինչ-որ լուրջ մեղադրանքներ են հնչում ֆինանսական չարաշահումների շուրջ:
Խնդիրը նրանում է, որ խայտառակ վատ սիմվոլիզմ կա, երբ Կրթության ու գիտության ոլորտի գլխավոր պատասխանատուն նախապատվություն է տալիս իր երեխաների համար մասնավոր դպրոցին, և ամենևին էական չէ այն, որ այդ դպրոցը ստեղծվել է իր նախարարության օրոք, ու որ նման քայլում ոչ մի ապօրինի բան չկա: Կրկնում եմ, խնդիրը սիմվոլիզմն է: Աշոտյանը՝ որպես նախարար, պետք է հրաժարական տա հենց այն պահին, երբ պատրաստ է խոստովանել, որ մասնավոր դպրոցում ավելի լավ պայմաններ են, քան պետական դպրոցում, որովհետև դա նշանակում է իր՝ որպես նախարարի ձախողում: Ու նույնը կասեի ցանկացած ընդդիմադիրի հասցեին, եթե ընդդիմադիրը լիներ ԿԳ նախարար կամ էլ ԿԳՆ բարձրաստիճան այլ պաշտոնյա:
Այնպես որ, սիրելի՛ Աշոտյան, ձերբազատվեք այդ դեմագոգիկ դիմակից ու մարդավայել կեցվածք ընդունեք քաղաքացիների հանդեպ, որովհետև այս մեղադրանքները տեղին են ու արդարացի: Այդքան շատ եք ուզում՝ երեխեքը «Այբ»-ում սովորեն, կամ էլ, ինչպես Դուք եք նշում, խնդիրն այն է հիմնական դպրոցի, որ երեխաներին վերաբերվում են որպես նախարարի երեխաների՝ հրաժարական տվեք կամ էլ խիստ նկատողություն արեք նախարարի երեխային արտոնություն տվող մանկավարժներին: Կամ էլ գլուխներս մի՛ հարթուկեք ու խոստովանեք, որ Դուք հաջողությամբ շարունակել եք պետական դպրոցն ապականող ռեֆորմներն ու ինքներդ էլ հասկանում եք, որ չէիք ուզենա, որ Ձեր երեխան Ձեր իսկ կերտած հանրակրթական պետական դպրոցում ուսում ստանար: