Կյանքում չէի պատկերացնի, որ հասուն տարիքումս, երբ արդեն համարվում ես 30–ին մոտ տղամարդ, կգա մի օր, երբ ամենադժվար և ամենաանհաղթահարելի բանը կլինի սեփական թուքը կուլ տալը։ Այդ մտքից արդեն բերանդ անընդհատ թուք է հավաքվում։
Ինչքան էլ փորձեցի մեծացնել այն երկարությունը, որը տաժանակիր աշխատանքով ձեռք էի բերել պատանի տարիքում, միևնույնն է, պառկածս տեղից չէի կարողանում հանգիստ թքել պատուհանից դուրս։
Պետք է խոստովանեմ, որ մեկ-երկու անհաջող փորձ արդեն կուտակեցի այս ընթացքում։ Բայց դե, ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի, ինչքան էլ հեշտ էր ծխախոտի մնացորդը հանգիստ նետել պատուհանից՝ առանց մտածելու` ում գլխին կամ որ կնոջ կրծքերի մեջ կհայտնվի, ես թողեցի ծխելը։
Կոկորդս կարծես անժամկետ փակ դռների օր է հայտարարել և դռները ճեփ-ճերմակ սպիտակ գույնով է ներկել՝ առանց ինձ հարցնելու, բայց, միևնույնն է, ես մեծահոգաբար ուտելիքը ծամում եմ այնքան, որ կարելի լինի խմել՝ հոսեցնել այդ փակ դռների արանքից։ Կարծես սովորեցի երկար ծամել։ Ակամայից հետևում եմ ճապոնացիների խորհրդին. «Ուտելիքը խմիր, խմելիքը՝ կեր»։
Անցնում են օրեր, ու ես պառկած եմ Արցախում, Երևանում, անկողնում և հասկանում եմ՝ ինչքան հիմար էի ես, երբ, տեսնելով նրանց, ովքեր հետևում էին իրենց առողջությանը, իմ կողմից ներսումս պահած թաքուն հեգնանքի էի արժանացնում՝ «ախր ի՜նչ ես աներեսի պես կառչել կյանքից և ուզում երկար ապրել»։
Շատ մտքեր մտածվեցին մինչև վերջ, շատ բաներ վերանայվեցին մինչև վերջ, երազանքներս վերհիշվեցին, հետ նայվեցին, առողջ ժամանակ դեպի անառողջ կյանքի այդ մեծ տենչը, որ ունեի, ավելի պարզ դարձավ, չեմ ուզում ծայրահեղական լինել, բայց ծայրաստիճան զայրացած եմ սեփական անձիս վրա։
Ախր հասուն տղամարդն ինչպե՞ս կարող է անպետք լինել 4 օր, ինչպե՞ս կարելի է հիվանդ մնալ 4 օր, որոնք անցնում են ինչպես 4 դար, մեկ էլ մտածում եմ. «Հրաշալի է, 25-րդ դարում եմ հայտնվել, մտնեմ ֆեյսբուք, մեկը դեղ տա, մարմնիս վրա յուէզբիպորտ կունենամ հաստատ արդեն, կմիացնեմ ուղարկված դեղը հեռախոսովս և կապաքինվեմ... Ինչի հնարավոր չէ՞, մարդիկ արդեն իրար ծաղիկի լուսանկարներ են ուղարկում ծննդյան օրերին, էլ կարևոր չէ բույրը, տեսքը, էներգիան, շոշափելիությունը, բացվել-փակվելը։
Հաաաա՜, երևի հետևում ենք հնուց եկած ասացվածքին. «կարևորն ուշադրությունն է»։ Ա՜խ, չափազանց ուշադրության պակաս ունեցող ազգ ենք, ով էլ դարձրել է՝ դարձրել ու հալածել է։
Այս ընթացքում աչքի տակով հեռուստացույցով նայում եմ «Սարդ-մարդը» 3–ը, մոտենալով ավարտին՝ հերոսն իմ այս ծանր պահին կարծես որպես ինձ ուղարկված ուղերձ հնչեցրեց այս խոսքերը. «Միշտ կյանքում կա 2-րդ տարբերակ, և դու միշտ կարող ես ընտրել Քո ճիշտ ճանապարհը»։
Եվ այս պարզ, հոլիվուդյան սենտիմենտալ բառերից չորացավ բերանս, և թրջվեցին աչքերս։
Կյանքս բաժանավեց 2 մասի` մինչև այս թարախային անգինան և այս թարախային անգինայից հետո։։))
Երազանքներս իրականացան, դարձա ավելի ներամփոփ, կրկին դարձա ընթերցասեր, թողեցի ծխելս, սկսեցի երկար ծամել։ Իսկապես, այս հասարակ բաների մասին ես երազում էի։ Իսկ իմ երազանքները միշտ կատարվում են։ Պետք է զգույշ լինես երազանքներից, երբ դու չես գնում դեպի նրանց, նրանք են գալիս դեպի Քեզ, բայց ճանապարհն արդեն իրենք են ընտրում։
Առողջությունից ավելի թանկ բան չկա աշխարհում։
Հ.Գ Սա երկու օր առաջ եմ զառանցել, բայց հիմա եմ հրապարակում, արդեն լավ եմ, խնդրում եմ չանհանգստանալ, ծխում եմ կրկին, արագ եմ ուտում, թուքս էլ հանգիստ կուլ եմ տալիս։))))))))