Նախաբան

Երեք տարի առաջ մի շրջան եղավ, որ շատ վատ էի: Ես իմ վրա խաչ էի քաշել ու հանձնվել: Կյանքիս ամենամեծ դեպրեսիան էի ապրում: Էդ շրջանում պիտի թարմացնեի անձնագիրս: Բնականաբար տեղից չէի էլ շարժվի, եթե բնակարանը վաճառելու հարցը չլիներ:

Էդպես, մի օր շատ վատ պառկած եմ, Գաբրիել հրեշտակին եմ սպասում, որը համառորեն չի գալիս, մեկ էլ քույրս շչակները միացրած մտավ սենյակս՝ համոզելով, որ վերջապես վեր կենամ ու գնանք անձնագրի համար նկարվելու:

Մի կերպ ինձ հանեցի անկողնուցս, չնայած էն փաստին, որ 44 կիլոգրամ էի կշռում, վրաս գցեցի առաջին հանդիպած տնային բլուզս, թեթև սանրեցի մազերս ու գնացինք:

Մտանք լուսանկարչատուն, տղան ձեռքի շարժումով ցույց տվեց հայելու կողմը: Անտարբեր շրջանցեցի հայելին, մոտեցա աթոռին ու նստեցի:

Մի ժամից գնացինք նկարները վերցնելու: Երբ նայեցի նկարում պատկերված սուբյեկտին՝ սիրտս ճաքեց, ասում եմ.

- Սա ե՞ս եմ ...

- Ուզու՞մ եք մի անգամ էլ նկարվել,- տխուր հարցրեց երիտասարդը:

- Չէ, կարիք չկա, միևնույնն է ավելի լավ չի ստացվի: Էս պահին ինձ ոչինչ չի փրկի, նույնիսկ ամենալավ գեղեցկության սրահը:

Հիմա բուն պատմությունը

Ես իհարկե հերթական անգամ դուրս եկա էդ վիճակից ...

Վերջին երկու տարում հաճախ եմ բանկերի հետ կապված գործեր ունենում: Ամեն մտնելս պրոբլեմ է՝ չարաբաստիկ նկարի հետ կապված: Մի կես ժամ աղջիկներին համոզում եմ, որ նկարում պատկերված սարսափելի տատին ես եմ:

Վերջերս էլի բանկում էի: Վարկ պետք է ձևակերպեի: Աղջիկը վերցրեց անձնագիրս ու մի քանի րոպե մեկ ինձ էր նայում, մեկ նկարին:

- Էս դու՞ք եք ...

- Չեմ զարմանում Ձեր հարցից, արդեն սովորել եմ: Այո, ցավոք ես եմ, մի կասկածեք, իմ անձնագիրն է հաստատ, - ասեցի ես:

Չհամոզեցի ...

Աղջիկը աչքերը չռած նայում էր վրաս, կարծես իսպանական իկվիզիցիան էր դիմացը կանգնած: Տեսնելով, որ գործողությունները կանգ են առել, նորից խոսեցի:

- Ինձ իհարկե կներեք, բայց ես շտապ եմ, սպասելու ժամանակ չկա, թե չէ մի ամիս սովի կմատնեի ինձ՝ 18 կիլոգրամ կնիհարեի, մազերս չէի ներկի, արխիվներից կպեղեի այդ գծավոր բլուզը ու առանց մեյքապի նորից կգայի ձեր մոտ՝ կասկածները ցրելու համար: Բայց հասկանում ե՞ք, ինձ շտապ է պետք գումարը ու ես արդեն էդ տեսքով միայն կարող եմ հայտնվել բանկի կառավարիչի երազում, որ գերմարդկային գեղեցկությունս տեսնելով՝ ինձ նվիրի այդ 400 000-ը՝ մղձավանջից ազատվելու համար:

Հուսամ, որ դուք էլ փորձաքննություն անց կացնելու ժամանակ ու ցանկություն չեք ունենա:

Ո՞վ լիներ, որ էսքանից հետո չհանձնվեր ...

Հ.Գ. Լավ է, որ ինքնաթիռներից չեմ օգտվում, թե չէ հաստատ օդանավակայանից հետ կուղարկեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել