Մենթալների համընդհանուր խորհրդի որոշման նախագիծ
(համառոտած, համապատասխանեցված Երկրի բնակիչների լեզվամտածողությանը).
Հաշվի առնելով Եդեմ փորձնական ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև Ա4Ա8 և Ե5Ա մենթալների զեկուցագրերը, որոշում ենք.
1. Ծիր կաթին գալակտիկայի Արեգակնային համակարգի երրորդ մոլորակը համարել պիտանի՝ դատապարտված մենթալների (այսուհետև՝ կալանավոր) ուղղիչ աշխատանքային գաղութի (այսուհետև՝ կալանավայր) վերածելու նպատակով:
2. Կալանավոր դառնալուց հետո ջնջել մենթալի հիշողությունը, պահպանել սկավառակների վրա՝ ազատվելուց հետո վերադարձնելու պայմանով:
3. Որպես կալանավորի կաշկանդման միջոց օգտագործել օրգանական, ինքնընդարձակվող ծանր սկաֆանդրը:
4. Սկաֆանդրի քայքայման, ըստ այդմ՝ կալանքի ազատման ժամկետը սահմանել գործած հանցանքին համապատասխան՝ 1 երկնային օրից մինչև 100-120 երկնային տարի:
5. Կալանավորի կողմից դիտավորությամբ սկաֆանդրը անաշխատունակ դարձնելը դիտարկել որպես փախուստի փորձ և վերադարձնել նրան կալանավայր՝ նոր սկաֆանդրով, նույն սկզբնական պատժաչափով:
6. Հնարավորություն տալ կալանավորին ինքնուրույն տնօրինել պատժի չափը՝ կալանավայրում այդ նպատակով գործողություն կատարելու միջոցով (բացառությամբ 5-րդ կետի):
7. Կալանքի ժամկետի կրճատման անհրաժեշտության դեպքում կազմակերպել զուգադիպությունների շղթա, որոնք կհանգեցնեն սկաֆանդրի անաշխատունակությանը:
8. Միջամտել կալանավայրի ինքնավարությանը միայն երկու դեպքում.
ա/ Գերծանրաբեռնվածություն
բ/ Կալանավայրի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգ:
9. Պատժի կրման ձևը և բովանդակությունը, սկաֆանդրի քայքայման կամ անաշխատունակ դառնալու ձևը և բովանդակությունը սահմանել առանձին օրինագծով, առանձին դեպքերի համար՝ մենթալների համընդհանուր դատարանի որոշմամբ: