Երեկ չքնած էի, մաշված, ինչ-որ տարբեր բնույթի դոզաների տակ ու շատ ուշ տաքսով վերադառնում էի տուն: Ու մեկ էլ մի սարսափի ալիք եկավ վրաս. նկատեցի, որ հագս սինթետիկ հյուսվածք ա, ես մեքենայի մեջ եմ, ծառերը նողկալի համաչափ են, աճում են բետոնապատ բորդյուրի վրա, ինչ-որ լամպեր ինձ խանգարում են զգալ բնական լուսավորությունը, մեքենան գլորվում ա ասֆալտի վրայով ու նույնիսկ առավոտյան դեմ օդում աղմուկ ա, սարսափելի քաոսային աղմուկ, ու որ ինչքա՜ն կապ չունի էս ամեն ինչը մեր մոլորակի բնական, ինքնաբավ վիճակի հետ:
Սա սարսափի առաջին ալիքն էր, երկրորդը եկավ, երբ հենց էդ պահին տաքսիստը մարգարեացավ. Ամեն տեղ կարկուտ ա, ախպերս, փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ; բնությունը ոնց որ օրգանիզմ լինի՝ մարդիկ էլ ոնց որ բակտերիաներ, մի օր կոտորելու ա մեզ վերջնական, որ առողջանա, մեզ հաստատ ուրիշ տեղից էն լցրել էստեղ:
Ապշած նայում եմ տաքսիստին՝ դեմքը չեմ տեսնում, փոխարենը մտապատկերների շարք ա. Արհեստական փակ տարածքներ, արհեստական ուտելիք, խմիչք, արհեստական հետաքրքրություններ ու անընդհատ ինչ-որ բան փնտրելու մոլուցք՝ չդադարող անհարմարավետությունից գոնե ինչ-որ կերպ խուսափելու համար:
Վատ լուր ունեի էդ պահին ձեր համար, մարդիկ. Մենք բակտերիաներ ենք, ու մեզ կոտորելու են. Մեզ՝ ինքնաբավությունից զուրկ, համընդհանուր ներդաշնակությունն անընդհատ խեղող, պատահականություններն օրինաչափության վերածող, բնության հետ համաչափ քայլողներին հոգեբուժարաններում փակող, երկաթբետոնին ու պայմանականություններին երկրպագող, ինքնավստահ շահագործող ու անպատժելիությամբ հիվանդ, երկնայիններին տարբեր անուններով դիմող ու «տարե՜ք մեզ այստեղից» աղերսող անբնական մասնիկներիս:
Հետո երբ սարսափը սկսեց վերածվել մղձավանջի, մտքերիս ընթացքն արագ փոխեցի դեպի սահմանադրական բարեփոխումներ: Ամեն ինչ կտրուկ խաղաղվեց, ավազ, հովանոց, մանկական խաղալիքներ ու սյան տակ չիշիկ անող շունիկ: Սենց ավելի հանգիստ էր:
«Ախպե՛րս, քնել ե՞ս, առաջին խաչմերուկից ե՞նք մտնում, թե՞ երկրորդ»:
Բարև աշուն, ես քեզ սպասում էի:)